ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ադրբեջանն ուզում է հոգեբանական ճնշում գործադրել և չեզոքացնել նրանց, ովքեր դեմ են Հայաստանի ղեկավարության պարտվողական քաղաքականությանը և ունակ են դիմադրել Բաքվի նոր ագրեսիային։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Ադրբեջանի զինվորական դատախազությունը հետախուզում է հայտարարել 18 անձի նկատմամբ՝ նրանց մեղադրելով 1990 թվականին Տավուշի Բաղանիս Այրում գյուղում «ցեղասպանություն» կատարելու մեջ: Աչքի է զարնում այն փաստը, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող գյուղում «ցեղասպանության» և «էթնիկ զտումների» մասին սկսել են խոսել Տավուշում սահմանազատման մասին դիսկուրսի ֆոնին։
Հայաստանի իշխանությունները փաստացի չեն թաքցնում, որ սահմանազատման արդյունքում Երևանը կարող է հանձնել սահմանամերձ տարածքների մի մասը։
«Նիկոլ Փաշինյանի անատամ քաղաքականությունն ու ոչնչով չհիմնավորված զիջողականությունը միայն թեժացնում են Ադրբեջանի ախորժակը։ Բաքուն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում։ Եվ ստացվում է մի հետաքրքիր պատկեր, երբ Փաշինյանն ու Ալիևը համակարգված, նպատակաուղղված զբաղվում են հայ ժողովրդի նվաստացմամբ, Բաքվի ծավալապաշտական ծրագրերի իրականացմամբ»,- ասում է Զուրաբյանը։
Քաղաքական գործիչը մտավախություն ունի, որ ՀՀ ղեկավարությունը կարող է որոշակի համաձայնության գալ, համագործակցության գնալ ադրբեջանցիների հետ՝ տարածքները հանձնելու ճանապարհին ցանկացած խոչընդոտ վերացնելու նպատակով։
«Հայ զինվորականների, պատերազմի մասնակիցների նկատմամբ հետապնդումների նպատակն է հոգեբանական ճնշում գործադրել այդ մարդկանց վրա, կոտրել նրանց ոգին և իշխանության պարտվողական ծրագրերին և ադրբեջանական հնարավոր ագրեսիային դիմակայելու ունակությունը: Փաշինյանն այս առումով ադրբեջանական իրավապահների գործողությունները կարող է կարևոր աջակցություն համարել»,-նշում է մեր զրուցակիցը։
Քաղաքական գործիչը կարծում է, որ հետախուզում հայտարարելը իրավական տեսանկյունից զրոյական էֆեկտ կունենա, եթե Հայաստանի իշխանություններն իրենք «չմատնեն» պատերազմի հերոսներին։ Միջազգային ոչ մի ատյանում պատերազմի մասնակիցներին դատի տալու ադրբեջանական փորձերն արդյունք չեն տա։
«Եվ ընդհանրապես փորձը ցույց է տալիս, որ միջազգային իրավունքը՝ որպես գործուն մեխանիզմ, գոյություն չունի։ Եվ, ի դեպ, Լեռնային Ղարաբաղի շրջափակման, բազմաթիվ պատերազմական հանցագործությունների պատճառով Ադրբեջանի դեմ բազմաթիվ հայցերը դրա վառ ապացույցն են։ Ոչ մի դատական հայց չխանգարեց Բաքվին էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։ Միայն մեկ սկզբունք կա՝ դա ուժեղի իրավունքն է»,-ընդգծում է նա։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասկիպարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ էր ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպար, Խերիմլի և Ղըզըլգաջիլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։
Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնեց Տավուշի մարզ, հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ և հայտարարեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, և այն կարող է մեկնարկել հենց Տավուշից։ Ըստ Փաշինյանի` եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է` մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։