ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. ՀՀ ԱԱԾ ծառայողները րոպեներ առաջ վնասազերծեցին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժած, նռնակով զինված քաղաքացուն և տարան ներս։
«Նախնակին ինֆորմացիան այսքանն է։ Նրա պահանջը հասկանալի չէր, տարբեր բաներ էր ասում։ Քննությունն ամեն ինչ կպարզի»,-ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ տղամարդը ոչ ադեկվատ վիճակում էր։ Ինչ վերաբերում է այն լուրերին, որ ոստիկաններ են տուժել, իրականությանը չեն համապատասխանում։
Դեպքի վայրում
© Sputnik
Հավելենք, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնից հիվանդանոց տեղափոխված 2 պացիենտի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ նրանք ստացել են ստորին վերջույթների բեկորային վնասվածք։
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։ Զինված տղամարդիկ գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ 3-րդ անձի հետ երկար բանակցությունից հետո ԱԱԾ աշխատակիցները վնասազերծեցին նրան։