ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Կրասնոգորսկում ահաբեկչության հետևանքով զոհվածների ցուցակը կհրապարակվի Մոսկվայի ժամանակով 10։00-ին (Երևանի ժամանակով` 11։00–ին): Այս մասին Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը:
«Առավոտյան ժամը 10-ին «Կուբիկ» բիզնես կենտրոնում` Հայրենիքի պաշտպանների հիմնադրամի տարածքում, կսկսի աշխատել մեր Օգնության կենտրոնը։ Այնտեղ հարազատները կկարողանան ստանալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները տուժածների և մահացածների մասին։ Թեժ գծի հեռախոսահամարը՝ 122-0: Միևնույն ժամանակ կհրապարակվի այն զոհվածների ցուցակը, որոնց հաջողվել է նույնականացնել։ Կենտրոնում կաշխատեն և՛ մեր, և՛ Մոսկվայի կառավարության ներկայացուցիչները, Նրանք անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն և կպատասխանեն հարցերին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: ԱԴԾ-ի վերջին տվյալներով՝ մահացել է ավելի քան 60 մարդ։ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5–ը երեխաներ են: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։