ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Բլոգեր Մայիս Վարդանյանը մեկ տարուց ավել է` նկարվում է Երևանի փողոցներում և ժպիտ նվիրում պատահական անցորդներին։ Նա կանանց ծաղիկներ է նվիրում առանց առիթի, սուպերմարկետում վճարում թոշակառուների փոխարեն, իսկ վատ եղանակին նրանց տաքսիով տուն ճանապարհում։ Պնդում է` այդ ամենն անում է ոչ թե գովազդի կամ բլոգի զարգացման, այլ բարության շրջապտույտ ստեղծելու ու մարդկանց դրական էներգիայով վարակելու համար։
«Ինձ ասում են` ինչ լավ կերպար ես գտել, ու դա ջղայնացնում է։ Ես դերասան չեմ, սա իմ կյանքն է ու ինձ դուր է գալիս ժպիտ պարգևելնու երեխաների համար սոցցանցերում բարի կոնտենտ ստեղծելը», – ասաց նա։
Մայիսը հիշեց, որ այդ ձևաչափով բլոգ վարելու միտքն առաջացել է Կասկադում։ Նա նայում էր մարդկանց ու մտածում, թե ինչու են նրանք այդքան քիչ ժպտում։ Հետո որոշեց ինքը ժպիտ նվիրել։ Իր մոտ եղած հազար դրամով վարդ գնեց ու նվիրեց անցորդ կնոջը։ Այդպես հետզհետե ժպիտ նվիրելու նոր ակցիաներ մտածեց, բլոգը արագընթաց աճեց, իսկ մարդիկ սկսեցին ճանաչել նրան ու նաև օգնել։
«Երիտասարդներին դժվար է նկարելը, քանի որ կեսը մտածում է, թե հոլիվուդյան աստղ է ու նկարվել չի ցանկանում, իսկ մյուսներն էլ իբր հետախուզման մեջ են», – կատակեց բլոգերը։
Նա նաև պատմեց, թե ինչ փուլեր է հաղթահարել Հայաստանում, ինչպիսի արձագանք է ստացել իր աշխատանքը, որտեղ է ապրել մինչ Երևան տեղափոխվելը, ինչ մասնագիտություն է սովորել ու ինչու է տեղափոխվել մայրաքաղաք։ Մայիսը մի փոքր պատմեց նաև իր սիրելիի ու «հովանավորների» մասին։
Ավելի մանրամասն` տեսանյութում։