Ահաբեկչությունը չունի որևէ արդարացում. Ավինյանը ցավակցել է «Կրոկուսի» ահաբեկչության առիթով

Երևանի քաղաքապետը ցավակցել է զոհերի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Ավինյանը գրառում է արել «Ֆեյսբուքի» իր էջում։
«Ցավով հետևում եմ Մոսկվայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։ Ահաբեկչությունը տեղ չպիտի ունենա ժամանակակից աշխարհում և այն չունի որևէ արդարացում»,–գրել է նա։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ–ն ևս իր խորին ցավակցություններն էր հայտնել անմեղ զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթել։
Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում մարտի 22–ին հրաձգություն է տեղի ունեցել «Պիկնիկ» խմբի համերգի ժամանակ, համազգեստով առնվազն երեք մարդ կրակ է բացել մարդկանց վրա։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շենքում նաև հրդեհ է բռնկվել։
Հրաձգության հետևանքով զոհերի թիվը, ըստ նախնական տեղեկությունների, հասել է 40–ի, կան 100–ից ավելի վիրավորներ։
Ի դեպ, հրաձգության ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում կարող էր գտնվել 6200 մարդ. «Պիկնիկ» խմբի համերգի գրեթե բոլոր տոմսերը վաճառվել էին: