Ուրուգվայում ՀՀ դեսպանություն է բացվել. տեսանյութ

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ ՀՀ դեսպանությունը Ուրուգվայում հայ համայնքի պահանջով և ջանքերով է կյանքի կոչվել։
Sputnik
Ուրուգվայում կայացել է ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ՀՀ–ի և Ուրուգվայի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանն ու Օմար Պագանինին։ Տեսանյութը հրապարակել է ՀՀ արտգործնախարարությունը։
Միրզոյանը բարձրացրել է ՀՀ դրոշը, այնուհետև հնչել են Հայաստանի և Ուրուգվայի պետական օրհներգերը:
ՀՀ արտգործնախարարը նշել է, որ 1992 թվականից ի վեր, երբ երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին, հաջողվել է ջերմ, բարեկամական, գործընկերային հարաբերություններ հաստատել և շատ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն կառուցել։
«Երկու երկրների ղեկավարության շրջանակներում կա հստակ ըմբռնում, որ ժամանակն է այդ հարաբերությունները, այդ գործընկերությունն է՛լ ավելի խորացնել, դրանց հիման վրա կառուցել տնտեսական հարաբերություններ, մշակութային կապեր, խթանել մարդկանց միջև կապերը, և սրա համար էր, որ պակասում էր մի կարևորագույն օղակ` երկու մայրաքաղաքներում համապատասխանաբար երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունները»,– նշել է նա։
Միրզոյանը երկու պետությունների միջև կամուրջ լինելու համար շնորհակալություն է հայտնել Ուրուգվայում հայ համայնքին։ «Այս դեսպանությունը ևս Ուրուգվայում հայ համայնքի պահանջով և ջանքերով է կյանքի կոչվել»,– հավելել է նա։
Հիշեցնենք` կառավարությունը Ուրուգվայում ՀՀ դեսպանություն բացելու որոշումը կայացրել էր 2023 թվականի հուլիսին։