ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Երևանի Պուշկին փողոցում վիճաբանության ժամանակ տնտեսագետ Յուրի Մինասյանին ծանր վնասվածքներ հասցրած և նրա մահվան մեջ մեղադրվող Հ․Մ․-ն, որը Երևան քաղաքի բնակիչ է, հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Հ․Մ․-ին ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դատարան է ներկայացվել Հ.Մ–ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու հարցը կրկին քննարկելու միջնորդություն։
Հիշեցնենք, որ մարտի 6–ին Յուրի Մինասյանն իր ընկերների հետ գտնվել է «Բիթլզ» ակումբում, որտեղ տարաձայնություններ են ունեցել այնտեղ գտնվող Երևանի բնակիչ Հ․ Մ․–ի հետ։ Պարզաբանումների նպատակով նրանք դուրս են եկել ակումբից։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ․ Մ․–ն բռունցքներով հարվածներ է հասցրել Յուրի Մինասյանի դեմքին՝ պատճառելով ծանր վնասվածքներ։ Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մարտի 14–ին մահացել է։