Պատերա՞զմ, թե՞ դիվանագիտություն. երկու դեպքում էլ բանակի դերը վճռորոշ է

Պարզվեց, որ ռազմական գործողություններ վարելու ավանդական ձևերը այժմ զուգակցվում են ամենաժամանակակից զինատեսակների օգտագործման հետ, և ռադիոէլեկտրոնային պատերազմը չի բացառում խրամատային ձեռնամարտը։
Sputnik
Մենք սխալվեցինք։ Սխալվեցինք ողջ աշխարհի հետ միասին։ Հիմա արդեն տարբեր երկրների ղեկավարներ և հայտնի քաղաքական գործիչներ անկեղծորեն խոստովանում են՝ «սառը պատերազմի» ավարտից հետո թվում էր, թե պատերազմների դարաշրջանն անցել է պատմության գիրկը, և բոլոր հակամարտությունները հնարավոր է կարգավորել զուտ դիվանագիտական եղանակներով։ Վերջին տարիների իրադարձությունները աշխարհի տարբեր տարածաշրջաններում ակնհայտորեն ցույց տվեցին, թե որքան միամիտ էր նման պատրանքներ ունեցող միջազգային հանրությունը։
Եկեք չթաքցնենք, մենք՝ հայերս էլ, հոգու խորքում առնվազն երկուսուկես տասնամյակ՝ մինչև 2020 թվականը, փայփայում էինք այն հույսը, որ նոր պատերազմ չի լինի, և մեր հիմնական խնդիրն էինք համարում խաղաղ բանակցությունների ընթացքում միջնորդների առաջարկություններից առավելագույնը կորզելը։ Անընդհատ կրկնում էինք՝ Si vis pacem, para bellum, այսինքն՝ խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմին։ Պատրաստվո՞ւմ էինք արդյոք։ Աստված գիտի ու մեկ էլ՝ Մոնումենտում դղյակներ կառուցած բարձրաստիճան զինվորականները…
Մի զարմանալի պատրանք էլ ունեինք։ Կարծում էինք, որ եթե այնուամենայնիվ նոր պատերազմ ծավալվի, այն լինելու է նախորդի նման։ Պարզվեց, որ ռազմական գործողություններ վարելու ավանդական ձևերը այժմ զուգակցվում են ամենաժամանակակից զինատեսակների օգտագործման հետ, և ռադիոէլեկտրոնային պատերազմը չի բացառում խրամատային ձեռնամարտը, իսկ գերձայնային հրթիռների հարվածները չեն բացառում հարձակումները ամենապարզունակ դրոններով, որոնք վաճառվում են երևանյան խանութներում։
Բայց թույլ տվեք անօդաչու սարքերի թեման ընդհանրապես շրջանցել, որովհետև անընդհատ հիշում եմ, թե ինչպիսի հպարտությամբ էին մեր զինվորական ղեկավարները զորահանդեսներում և զանազան ԷՔՍՊՈ-ներում ցուցադրում ինչ-որ գիտական կազմակերպությունների պատրաստած հատուկենտ դրոնները, մինչդեռ Ուկրաինայի շուրջ զարգացող իրադարձություններն ապացուցեցին, որ դրոնները կարող են արդյունավետ լինել միայն մի դեպքում՝ երբ դրանք օգտագործվում են զանգվածաբար, այսինքն, եթե կազմակերպել ես դրանց սերիական արտադրությունը։
Իհարկե, պատերազմ վարելը արդի աշխարհում բոլորովին չի խրախուսվում։ Բա հենց դրա համար էլ արցախցիների դեմ հրահրած պատերազմը Իլհամ Ալիևը միշտ փորձում էր ներկայացնել որպես հակաահաբեկչական գործողություն։ Սակայն քանզի մենք ավելի ու ավելի հաճախ ենք սկսել ամենաբարձր մակարդակով խոսել հնարավոր պատերազմի մասին, երկու տրամաբանական հարց է ծագում։ Առաջին՝ արդյոք մեր ղեկավարությունն այդ սպառնալիքը չի՞ օգտագործում սահմանների հստակեցման հետ կապված իր մտադրությունները հիմնավորելու համար։ Բայց նույնիսկ այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու ենք կարծում, որ միջազգային հանրությունը, որը Բաքվին թույլ տվեց էթնիկ զտում իրականացնել Արցախում, Ալիևին թույլ չի տա բռնի ուժով փոխել սահմանները։ Որտեղի՞ց այդ տարօրինակ համոզմունքը։ Չէ՞ որ պատերազմների հետևանքով միշտ էլ փոխվել են սահմանները։
«Թքա′ծ ձեր այդ տխրահռչակ դեմոկրատիայի վրա, ես հո հանուն դրա տնից-տեղից չե՞մ զրկվելու»
Երկրորդ հարցը շատ ավելի կարևոր է։ Եթե մենք իրոք միանգամայն իրական ենք համարում նոր պատերազմի հեռանկարը, արդյոք ամենայն լրջությամբ պատրաստվո՞ւմ ենք այդ անցանկալի տարբերակին։ Որովհետև այդ դեպքում առնվազն երեք շատ լուրջ խնդիր է ծագում։ Առաջին՝ ի՞նչ զենք է մեզ պետք, երկրորդ՝ որտեղի՞ց փող ճարենք, և երրորդ՝ ումի՞ց ձեռք բերենք։ Ասենք, որոշեցինք, որ մեզ անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգեր, զինամթերք, մասնավորապես՝ մեծ քանակությամբ հրետանային արկեր, անօդաչու թռչող սարքեր և հեռահար հրթիռներ։ Ամենածանրը, բնականաբար, հարձակողական զենքի հարցն է՝ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրներին այն շատ մեծ դժվարությամբ են տալիս։ Ադրբեջանին տալիս են։ Ինչո՞ւ. Թուրքիային և Իսրայելին հարցրեք։
Ծանր երկընտրանքի առջև. պատերա՞զմ, թե՞ պատերազմի հավերժ վտանգ
Եվ էլի մի հանգամանք, որն անմիջականորեն կապված է մեր հայկական բանակում տիրող վիճակի հետ։ Վաղուց արդեն առնչություն չունեմ զինված ուժերի հետ, բայց ծանոթ եմ որոշ փորձագետների կարծիքին՝ լավ պատրաստված բանակայինների կողքին մենք ունենք մեծ թվով պարզապես ոչ պրոֆեսիոնալ զինվորականներ, սպաներ, որոնք շատ աղոտ պատկերացում ունեն իրենց պարտականությունների մասին, իսկ պրոֆեսիոնալ, պատերազմ տեսած զինվորականները լավ չեն տիրապետում ժամանակակից պայմաններում ռազմական գործողություններ վարելու նրբություններին։ Դրա համար էլ անընդհատ բողոքում են զենքի և տեխնիկայի պակասությունից, իսկ դա, մասնագետների համոզմամբ, առաջին նշանն է, որ տվյալ զինվորականը ռազմական գործը հմտորեն կազմակերպելու ունակություն չունի։ Ինչպես ասում էր Նապոլեոնը. «Քաջությունը երկրորդական է, ամենագլխավորը զինվորականի կազմակերպվածությունն է, դիմացկունությունը և համբերությունը»։
Մնում է ենթադրել, որ այս բոլոր հարցերն օրուգիշեր քննարկվում են Հայաստանի կառավարությունում, մանավանդ պաշտպանության նախարարությունում։ Համենայնդեպս, հույս ունենանք։ Որովհետև որևէ պետության բանակի մարտունակությունը, ինչպես հայտնի է, վճռորոշ դեր է խաղում ոչ միայն պատերազմական գործողությունների, այլև խաղաղ բանակցությունների ժամանակ։ Իսկ մեզ համար այսօր դրանից ավելի հրատապ հարց չկա։