ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերի հետևում կանգնած է բրիտանա–թուրքական տանդեմը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Փաշինյանի` Տավուշի գյուղերի մասին հայտարարությունները։
ՀՀ վարչապետը մարտի 18-ին մեկնել էր Տավուշի մարզ և հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Նա ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, և այն կարող է մեկնարկել հենց Տավուշից։
Ոսկեպարցիների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր` եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է` մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։
«Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել բրիտանա–թուրքական շրջանակները` Հայաստանի երրորդ հանրապետությունը թաղելու համար։ Այնքան նվեր, որքան Փաշինյանն անում է թուրք–ադրբեջանական տանդեմին և մյուս կողմից էլ հակաՌուսաստան է սարքում Հայաստանը, բնականաբար, ձեռնտու է ուժային երկու կենտրոնների` պաշտոնական Անկարային ու անգլոսաքսոնական–բրիտանական շրջանակներին»,– ասաց ընդդիմադիր գործիչը։
Նրա խոսքով` Արևմուտքի նպատակը ոչ թե Հայաստանի ինքնիշխանության վերականգնումն է ու Ադրբեջանի դեմ պայքարը, այլ Հայաստանը հերթական հակաՌուսատանի` ՈւկրԱրմենիայի վերածելը, Հարավային Կովկասում բացել երկրորդ օջախը` ընդդեմ Ռուսաստանի ու Իրանի։
Խոսելով Տավուշում արված հայտարարությունների, մասնավորապես Ադրբեջանի պարտադրած զիջումները չկատարելու պարագայում մոտալուտ պատերազմի մասին սպառնալիքի մասին` Շարմազանովը շեշտեց, որ երբևէ չի լսել ու նույնիսկ պատմական որևէ դեպք չգիտի, երբ պետության ղեկավարը սեփական ժողովրդին պատերազմով շանտաժի ենթարկի։
Փաշինյանի իշխանության մնալը Շարմազանովը համարում է ոչ միայն ընդդիմության, այլև հայության ձախողումը` հիշեցնելով, որ Փաշինյանը իշխանության է եկել 40 000 քառ. կմ տարածքով հայրենիքում` երկու հայկական պետությամբ, այսօր անգամ 29 000 քառ. կմ–ի գոյությունն է հարցականի տակ։
«Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետությունը երկու փորձով` 2020թ–ի 44–օրյա և 2023թ–ի սեպտեմբերյան 1-օրյա պատերազմով հանձնեց Ադրբեջանին, Արցախը հայաթափեց։ 2022թ–ին Արևմուտքի քավորությամբ Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Հիմա էլ անցել է պլանի երկրորդ մասին` հայկական գործոնի վերջնական վերցմանը` հրաժարում Արարատ լեռից, Անկախության Հռչակագրից հրաժարում, հայ–ռուսական դաշնակցային հարաբերություններից հրաժարում, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն և բարի գալուստ Թուրքական աշխարհ»,– ասաց Շարմազանովը։
Անդրադառնալով հայ–ռուսական հարաբերությունների ներկա վիճակին` քաղաքական գործիչն արձանագրեց, որ այդպիսիք պետական իշխանությունների մակարդակով վաղուց գոյություն չունեն։
«Եթե Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները նույն օրը գտնվում են Անթալիայում, իրար հետ չեն հանդիպում, հետո գնում են, ռուսական կողմը զանգում է, Արարատ Միրզոյանի հետ է խոսում, վկայում է այն մասին, որ հարաբերություններ չկան։ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ինքն էլ հետը հայ–ռուսական հարաբերություններում որդեգրել է նեղացած տեգրակնոջ դիրքորոշում»,– ասաց ընդդիմադիր գործիչը` ընդգծելով, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության այլընտրանքը Թուրքիան է։
Ընդլայնելով ԵՄ դիտորդական առաքելության լիազորություններն ու կարգավիճակը և ապահովելով ՆԱՏՕ–ի ներկայությունը Իրանի սահմանին` ՀՀ իշխանությունները, Շարմազանովի գնահատմամբ, բարդացում են հարաբերությունները թե՛ ՌԴ–ի և թե՛ Իրանի հետ, այն դեպքում, երբ Իրանի պաշտոնյաները մի քանի անգամ բաց տեքստով հայտարարել էին, որ դեմ են արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը տարածաշրջանում։
«Եթե ԵՄ–ն խնդիր լուծող է, թող իր սահմաններն ազատի թուրքական օկուպացիայից։ Կիպրոսի Հանրապետությունը ԵՄ անդամ պետություն է, որի 38 տոկոսը օկուպացված է թուրքերի կողմից։ ԵՄ–ն և հավաքական Արևմուտքը, բացի պուպուշ, սիրուն հայտարարություններից, ոչինչ չեն կարող անել,– ասաց ՀՀԿ ԳՄ անդամը` որպես պատմաբան հիշեցնելով 1920թ–ի Սևրի պատմական պայմանագրի անփառունակ ճակատագրի մասին։– 160 000 քառ. կմ և ամերիկյան մանդատ խոստանալով Հայաստանին, երբ թուրքերը նոյեմբերի 15-ին մտան Ալեքսանդրապոլը գրավեցին, դեկտեմբերի 1-ին հասան Երևանի մատույցներին, իսկ Արևմուտքը` ԱՄՆ–ի գլխավորությամբ, ձևի համար մի հատ փամփուշտ էլ չուղարկեցին»։
Գալով մերօրյա իրականությանը` Շարմազանովը փաստեց` տարածաշրջանում 3 հիմնական ուժերն են Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։ Թուրքիայի դեմ ՌԴ–ի ու Իրանի հետ հարաբերությունները ամրացնելու փոխարեն, նրա դիտարկմամբ, Փաշինյանն այսօր դեմարշ է իրականացնում այդ 2 երկրների նկատմամբ` Հայաստանը տանելով թուրքական գերշխանության տակ։
«Ռուսաստանն ու Իրանը չեն գալու քեզ օգնեն, եթե դու ինքդ չես ուզում քեզ օգնես, եթե դու գնում ես, Ղարաբաղը ճանաչում ես Ադրբեջանի կազմում, եթե դու հաշվի չես առնում Իրանի շահը և այստեղ բերում ես ԵՄ դիտորդներ։ Ի վերջո պե՞տք է գիտակցեն, որ ՆԱՏՕ–Ռուսաստան պատերազմի ժամանակաշրջան ենք ապրում։ Խելացի մարդիկ, ինչպես Վրաստանի ղեկավարությունը, փորձում են նյարդային գործողություններ, ավելորդ շարժումներ չանել։ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ է անում։ Կարելի՞ է այդքան պրոուկրաինական լինել։ Այն Զելենսկուն, այն Ուկրաինային, որը 30 տարի մեր դեմ է պայքարել, միջազգային բոլոր ատյաններում սատարել է Ալիևին, այն Ուկրաինային, որը 2020թ–ի նոյեմբերի 9-ին Կիևի ամբողջ հրապարակը Ադրբեջանին շնորհավորանքներով էր ողողել, Ռուսաստանի զայրացնելու համար նման ժեստեր անե՞լ։ Մեր հարցերը լուծել է, հիմա էլ մեծերի պատերազմի մեջ է մտնո՞ւմ։ Հայաստանը սարքում է աշխարհաքաղաքական պայքարի պոլիգո՞ն»,– հարցադրումներ է անում Շարմազանովը։
Հարցին, թե ստեղծված իրավիճակում նշված վտանգները կանխելու համար ինչ է անում ընդդիմությունը, քաղաքական գործիչը պատասխանեց. «Ես քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, մենք մեր ծրագրերն ասել ենք։ Մենք նշում ենք խնդիրը, խնդրի հետևից գնում ենք, միտինգ ենք անում, բացատրում ենք, ընտրություններին մասնակցում ենք, անհնազանդության ակցիաներ եք անում, ամիսներ շարունակ տուն չենք գնում։ Ասում են` նախկիններին չենք ուզում։ Լավ, նախկիններին չեք ուզում, ուրիշին ուզեք, գնացեք, ինքնակազմակերպվեք։ Մի տարի է` նախկինները մեծ ակցիաներ չեն անում»։
Ընդդիմադիր գործիչը համոզված է` «նախկին» ասվածը այսօրվա իշխանությունների լարած ծուղակն է։ Նրա համոզմամբ` «նախկինը» անհատ մարդիկ չեն, այլ արժեքային համակարգը` հայկական Արցախը, հայ–իրանական սահմանից մինչև Քարվաճառ կանգնած հայկական զորքը, ներկան` օկուպացված Արցախը և Տավուշի գլխին կախված Դամոկլյան սուրը։
Ընդդիմադիր գործիչը համոզված է` «նախկին» ասվածը այսօրվա իշխանությունների լարած ծուղակն է։ Նրա համոզմամբ` «նախկինը» անհատ մարդիկ չեն, այլ արժեքային համակարգը` հայկական Արցախը, հայ–իրանական սահմանից մինչև Քարվաճառ կանգնած հայկական զորքը, ներկան` օկուպացված Արցախը և Տավուշի գլխին կախված Դամոկլյան սուրը։
«Մենք իհարկե, չենք համակերպվել այս իրավիճակի հետ։ Իհարկե, չենք համակերպվել։ Հավատացեք` ուզում ենք, բայց չունենք բավարար ռեսուրս այս փուլում։ Դա չի նշանակում, որ չպիտի գնա ռեսուրսների միավորում»,– ասաց ընդդիմության ներկայացուցչը։
Նրա խոսքով` ընդդիմադիր ուժերի միավորման 3 կարևոր սկզբունքներն են Փաշինյանի հրաժարականի պահանջը, հայ–ռուսական նոր դաշինքի կնքումն ու Իրանի հետ բարեկամական հարաբերությունների վերականգնումը և հայկականության արժեքների ու Անկախության հռչակագրի վրա պետականության վերականգնումը։