ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնում է Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Սամսոնյանին կալանավորելու որոշումը կայացվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան, ոստիկանության աշխատակիցներն ավտոկայանատեղիում մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին են տապալել Նարեկ Սամսոնյանին, ապա ձերբակալել։ Այնուհետև, մի քանի ժամ անց, իրավապահները գնացել են նաև Վազգեն Սաղաթելյանի (նա ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանի եղբայրն է, – խմբ.) տան մոտ և դատարանի որոշումը ներկայացնելուց հետո ձեռնաշղթաներ հագցրել նրան ու ձերբակալել։
Հիշեցնենք, որ «Յութուբով» ուղիղ եթերում հեռարձակվող «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել` հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։