ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանում անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունների պատճառը նաև հանրության անտարբերությունն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետ, գնդապետ Նելլի Դուրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023թ․-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1159 քրեական վարույթ՝ 2022 թվականի 545 վարույթի դիմաց։ Այսպիսով` 1 տարվա ընթացքում արձանագրվել է վերոնշյալ հանցագործությունների կամ նման առերևույթ հանցածին տարրեր պարունակող դեպքերի շուրջ 112 տոկոս աճ։
«Դեպքերն ավելանալու գլխավոր պատճառն այն է, որ, ըստ քրեական դատավարության օրենսգրքի, քննչական մարմիններում այսօր ցանկացած դեպքով վարույթ է նախաձեռնվում։ Նշեմ նաև, որ առկա է պատասխանատուների ոչ պատշաճ աշխատանք։ Միշտ խոսել ենք ընտանիքների մասին, բայց կան անձինք, որոնք ևս պետք է կարևորագույն դեր ունենան անչափահասի նկատմամբ ճնշումների մասով, օրինակ` սոցիալական ծառայողները, մանկավարժները։ Համայնքային ոստիկանները նույնպես պետք է հստակ իմանան, թե իրենց հսկողության տակ գտնվող տարածքներում ինչ ընտանիքներ կան, որտեղ երեխան և նրա ապագան կարող են վտանգված լինել»,– նշեց Դուրյանը։
Հայաստանում անչափահասների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ դատարան ուղարկված վարույթներից 14-ը սեքսուալ բնույթի են։ Դուրյանը վստահեցնում է` պատճառները շատ են, բայց կարևոր է դեպքի շուտ հայտնաբերումը, որպեսզի կանխվի։ Դեպքեր կարող են լինել այն ընտանիքներում, որտեղ հայրը կալանքից նոր է վերադարձել, որտեղ խորթ հայր է, հնարավոր է նաև` սեքսուալ բնույթի գործողություն իրականացնի հարևանը կամ բարեկամը, որին վստահում է երեխան։ Ոստիկանության նախկին պաշտոնյան ընդգծեց` պատկան մարմիններից յուրաքանչյուրը պետք է իր տեղում լինի ու սրտացավ։
Խոսելով նաև անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների մասին` Դուլյանը շեշտեց` այստեղ նույնպես կարևոր է թե՛ ընտանիքի, թե՛ սոցիալական ծառայողի, թե՛ ոստիկանության գործառույթը։ Նա վստահ է` դեռահասների շրջանում խնդիր է նաև այն, որ նրանց վրա մեծ ազդեցություն են ունենում քրեական ենթամշակույթ կրող հեռուստասերիալները և ֆիլմերը։ Ծնողներն էլ չափազանց ուշադիր պետք է լինեն, թե դպրոց գնալիս պայուսակում ինչ է դնում իրենց երեխան, քանի որ հաճախ են դեպքեր լինում, երբ տնից դուրս են գալիս դանակով կամ կռփազենքով։
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` դատարան ուղարկված վարույթներով տուժող է ճանաչվել 91 անչափահաս։ Նրանցից 35-ը եղել են մինչև 12 տարեկան, 17-ը՝ 12-14 տարեկան: