Արցախցի երկու ընտանիք հեռացել է Ոսկեպարից

Ոսկեպար
Տեղեկություններ կան, որ արցախցի ընտանիքները գյուղից հեռացել են Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ Արցախցի երկու ընտանիք հեռացել է Տավուշի Ոսկեպար գյուղից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց գյուղի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը։
«Նրանք մի օր առաջ են հեռացել, բայց պատճառը հայտնի չէ»,- ասաց Աղբալյանը։
Մեր պարզաբանող հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է պատճառ դարձել, որ արցախցիները հեռանան, վարչական ղեկավարն ասաց՝ նման բան չգիտի, չի կարող ասել, թե որն է եղել հեռանալու պատճառը։
Նշենք, որ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշ, հանդիպել Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների հետ։ Նա հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։
Հիշեցնենք` մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակներում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասքիփարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ էր ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա, Հեյրիմլի և Գըզըլգաջըլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։
ՀՀ ո՞ր գյուղերի կենսական տարածքներն է այս կամ այն ​​կերպ վերահսկում Ադրբեջանի ԶՈւ–ն
Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնել էր Տավուշի մարզ և հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Նա ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։