Փաշինյանն ու Միշելը Բրյուսելում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը
Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, հանդիպումը կայացել է Բրյուսելում Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում։
Զրույցի ընթացքում ընդգծվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը:
Ըստ այդ պայմանավորվածությունների՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կիրականացվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով։
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել Խաղաղության խաչմերուկ նախագիծը։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ապրիլի 5-ին Բրյուսելում Ֆոն դեր Լյայեն-Փաշինյան-Բլինկեն հանդիպում կկայանա
Հիշեցնենք` Փաշինյանը Բրյուսել է մեկնել մարտի 20-ին։