ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի 2 աշխատակից և փաստաբանը բողոքի ակցիայի ընթացքում մտան կառավարության շենք, սակայն նրանց որևէ մեկը չի ընդունել։
Ավելի վաղ հայտնել ենք` քիմիկոսները դժգոհում են, որ չեն կարողանում աշխատել. իրենց ինստիտուտի հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հարևանությամբ (միավորվում է 3 կառույց` Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, Օրգանական քիմիայի ինստիտուտը և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը) կառուցվող բնակելի շենքի շինթույլտվությունը Երևանի քաղաքապետարանը տվել է 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։
«Մեզ ոչ ոք չընդունեց, չցանկացան լսել, ասացին որևէ մեկը տեղում չի կամ խիստ զբաղված են։ Ընդամենը մեր դիմումը մուտք արեցին, մեզ ստացական տվեցին ու ասացին, որ հետևենք, թե ինչ է լինելու»,– նշեց ինստիտուտի գիտնականներից մեկը։
Այժմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստի է, բայց այնուամենայնիվ, գոնե նրա հետ հանդիպում են պահանջում։
Հետագա քայլերի մասին խոսելով` քիմիկոսը շեշտեց, որ անորոշ վիճակ է, նույնիսկ չգիտեն ինչ անել։
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան
© Sputnik / Artak Aghababyan
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում նոր դեղամիջոցներ են արտադրվում, դրանք Ուկրաինա և Բելառուս են արտահանվում։ Այնտեղի սարքերի միջոցով նաև գիտահետազոտական աշխատանքներ են իրականացնում տարածաշրջանի համար։