ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ Հայաստանը ճանաչում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր մասնակից պետությունների անօտարելի իրավունքը՝ զարգացնել այն խաղաղ նպատակներով՝ առանց խտրականության և քաղաքական խոչընդոտների։ Այս մասին այսօր Բրյուսելում միջուկային էներգիայի առաջին գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանը հպարտությամբ է միացել COP28 կոնֆերանսում ընդունված պատմական որոշմանը, որը ցածր ածխածնային էներգիայի այլ աղբյուրների հետ մեկտեղ միջուկային էներգիան ճանաչեց որպես կլիմայի փոփոխության լուծումներից մեկը:
«Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է, որն ապահովում է ինչպես մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմացումը», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտնել է, որ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը:
«Մենք պարտավորվում ենք ժամանակին և համարժեք միջոցառումներ իրականացնել՝ կապված կառավարման և անվտանգության պատշաճ բարելավման հետ՝ գործընկեր պետությունների հետ համագործակցությամբ և Գործակալության ուղղորդմամբ: Այս երկարաձգումը ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար ՀԱԷԿ-ի երկարացված շահագործման ժամկետի ավարտից հետո, ինչը մեր վերջնական նպատակն է»
Նա հավաստիացրել է, որ Հայաստանը հանձնառու է ինչպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, այնպես էլ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցության խթանմանը և փորձի կիրառմանը՝ ներկայիս էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար։
Բրյուսելում անցկացվեց միջուկային էներգիայի առաջին գագաթնաժողովը
Նշենք, որ գագաթնաժողովը տեղի է ունենում 2023 թվականի դեկտեմբերին Դուբայում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսում (COP28) համաձայնեցված գլոբալ ֆոնդում միջուկային էներգիայի պատմական ընդգրկումից հետո։
Հիշեցնենք` վերջին երկու տարիներին Հայաստանը բանակցում է նոր ատոմակայանի կառուցման համար գործընկերոջ ընտրության համար։ Քննարկվում են առաջարկներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից և այլ երկրներից։