ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ Այն հատվածները, որոնք պահանջում է Ադրբեջանը, Հայաստանի տարածքի մի մասն են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Մենք կարծում ենք, որ այնտեղ, որտեղ կանգնած են եղել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, բնականաբար, մինչև Նիկոլ Փաշինյանի կողմից գրավոր և բանավոր համաձայնությունների հիման վրա հանձնվելը, դրանք Հայաստանի տարածքներն են։ Ո՛չ Փաշինյանը, ո՛չ որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ զորքերի հետքաշման մասին ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք չունի»,- ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ նման գործողությունները պետական հանցագործություն են, սակայն ՀՀ ԱԱԾ-ից և ՔԿ-ից նման գնահատական սպասել չի կարելի ներկա պայմաններում, քանի որ նրանք այլ բաներով են զբաղված։
Լրագրողի ճշտգրտող հարցին, թե արդյոք պատգամավորն Ադրբեջանի պահանջած տարածքը, որի մասին խոսել է Փաշինյանը, ՀՀ-ի տարածքն է համարում, Մկրտչյանն ասաց՝ Սահմանադրության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանն են:
Հիշեցնենք` մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակներում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասքիփարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ էր ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա, Հեյրիմլի և Գըզըլգաջըլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։
Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնել էր Տավուշի մարզ և հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Նա ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։