Վերին Լարսով անցնող ճանապարհը բացվել է բեռնատարների համար

Բեռնատարներ
Ճանապարհն առավոտյան փակվել էր կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասաց նա:
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով։
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Նշենք, որ ճանապարհն այսօր առավոտյան էր փակվել կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: