ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան առատ տեղումներ են գրանցվել, առանձին հատվածներում բուք է և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Տեղեկացվում է, որ հանրապետության տարածքում մարտի 20-24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Մարտի 21-24-ին լեռնային գոտիներում գիշերային ժամերին՝ ձյան տեսքով։
Քամին հարավային է, 2-5 մ/վ արագությամբ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 20-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 20-24-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերը տեղումները կլինեն ինտենսիվ։ Մայրաքաղաքում մարտի 20–ի ցերեկը կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։