Սուրբ Զատկի տոնին ընդառաջ վերահսկողություն կիրականացվի ձվի շուկայում. ՍԱՏՄ

Այսօրվանից մեկնարկած վերահսկողական միջոցառումները կանցկացվեն ոչ միայն ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում, այլև իրացման շուկայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ այսօրվանից մեկնարկած վերահսկողական միջոցառումները կանցկացվեն ոչ միայն ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում, այլև իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով:
«Եթե լուծում չտրվի, ձվի արկղերով փողոցները կփակենք». ի՞նչ խնդիրներ են ձվի շուկայում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից կոչ են անում բոլոր սպառողներին իրացման ցանցում կասկածելի թարմությամբ ձու կամ այլ խախտումներ (մակնշման անհամապատասխանություն, սառնարանային ոչ պատշաճ պայմաններ, սանիտարահիգիենիկ խախտումներ և այլն) նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով, կամ գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջին:
Հիշեցնենք, որ այս տարի Սուրբ Զատիկը` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, կնշվի մարտի 31-ին։