ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Նման պրակտիկա չկա, որ պաշտոնյաների հանդիպումից հետո հայտարարությունները համաձայնեցվեն։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին։
Խամոյանը նրանից հետաքրքրվեց` ինչո՞ւ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ոչ թե Բաքվում կամ Թբիլիսիում, այլ հենց Փաշինյանի կողքին կանգնած հատարարեց, որ ողջունում է նրա «համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում»:
«Ինչո՞ւ նա այդ հայտարարությունը չարեց Վրաստանում կամ Ադրբեջանում, այլ Ձեր կողքին կանգնած արեց։ Ես գիտեմ, որ կա նման պրակտիկա, որ պաշտոնյաների հանդիպումից հետո հայտարարությունները համաձայնեցվում են, հետո են հրապարակվում»,– ընդգծեց պատգամավորը։
Փաշինյանը հակառակը պնդեց` ավելացնելով, որ 6 տարի է` ինչ–որ տեղ է գնում ու իր հայտարարությունները ընդունող կողմի հետ չի համաձայնեցնում։
«Այն, ինչ ասել է Ստոլտենբերգը Ուկրաինայի հետ մեր համերաշխության մասին, այն, ինչ կա, հրապարակային է, ու մարդիկ կարող են դա տարբեր կերպ մեկնաբանել»,– ավելացրեց Փաշինյանը։
Խամոյանն արձագանքեց` ասելով. «Հետո էլ ասում ենք` հայ–ռուսական հարաբերությունները լավ չեն, իսկ մենք ի՞նչ ենք անում, որ դրանք կարգավորվեն։ Ուզում եմ հասկանալ` Ստոլտենբերգի այդ հայտարարությունը գործանականում մեզ ի՞նչ տվեց, բացի ձեր համատեղ լուսանկարից ու տեսանյութից»։
Ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց, որ այս լարված աշխարհաքաղաքական իրավիճակում կարող են լինել տարբեր կողմերից պաշտոնյաներ, որոնք կարող են անել հայտարարություններ, որոնք մյուս կողմի համար այնքան էլ հաճելի չլինեն։
«Այդպիսի հատյարարությունները, ես չեմ կարծում, որ եզակի ու միակը չեն լինի։ Եղել է, որ ինձ մոտ մի բան են հայտարարել, այլ տեղ խոսել ՀՀ–ի դեմ։ Եվ ի՞նչ, ասենք, որ այնտեղ, որտեղ ՀՀ–ի մասին վատ բաներ են ասել, ուրեմն խզո՞ւմ ենք նրանց հետ հարաբերությունները։ Ինչի՞, մենք Ուկրաինային 3 մլրդ–ի կամ 15 մլրդ–ի զենք ենք վաճառե՞լ»,– հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել մարտի 19-ին` տարածաշրջանային այցի շրջանակում։ Հայաստանում լինելուց առաջ նա այցելել է Ադրբեջան և Վրաստան։ Երևանում նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։