Նարեկ Մալյանը կրկին արդարացվեց «Չաուշեսկուի» գործով

Տիգրան Աթանեսյանն ու Նարեկ Մալյանը
Մալյանն այդ գործով արդարացվել էր նաև 2023 թվականի ամռանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր, ոստիկանության պետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը կրկին արդարացվեց «Չաուշեսկուի» գործով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ Ավան և Նոր Նորք առաջին ատյանի դատարանը 2023 թվականի ամռանը նույն գործով արդարացրել էր Մալյանին։ Դատախազը բողոքարկել էր վճիռը։
«Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի արդարացման դատական ակտը»,– ասաց Աթանեսյանը։
Հիշեցնենք` Նարեկ Մալյանը 2023 թվականին ձերբակալվել էր «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու փորձի մեղադրանքով, ապա ազատ արձակվել:
Նույն տարվա սեպտեմբերին նա կրկին կալանավորվեց, բայց այլ մեղադրանքով։ Նա մեղադրվում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու մեջ։ Մալյանը մինչ օրս կալանքի տակ է։