Հայաստանի որոշ շրջաններում 24 ժամում թափվել է ամսական նորմայի չափ տեղում

Ձյուն
Մարտի 21-ին Հայաստանին մոտեցող հաջորդ ցիկլոնի արդյունքում շրջանների մեծ մասում տեղումները կվերսկսվեն, լեռնային շրջաններում` կրկին ձյան տեսքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում 24 ժամում թափվել է ամսական նորմայի չափ տեղում։ Տեղեկությունը հայտնում, է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Այսօրվա դրությամբ բոլոր մարզերում տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման և հիմնականում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում մինչև՝ 276 տոկոսը»,– ասված է հաղորդագրությունում։
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են դիտվել առատ տեղումներ։
Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները ձյան տեսքով են։
« Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 156 սմ, Ջերմուկում՝ 85 սմ, Ամբերդում՝ 75 սմ, Մարտունիում՝ 58 սմ»,– տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը` հավելելով, որ կեսօրից հետո տեղումները կարճ ժամանակով կդադարեն։
Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտեցող հաջորդ ցիկլոնի արդյունքում շրջանների մեծ մասում տեղումները կվերսկսվեն, որոնք լեռնային շրջաններում կրկին կլինեն ձյան տեսքով։