Դրական դինամիկա է եղել. Զախարովան` Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծեց, որ ԵՄ առաքելությունը Հայաստանի տարածքից լրտեսում է Ռուսաստանին, Իրանին, Ադրբեջանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում դրական դինամիկա նկատվում էր այն ժամանակ, երբ ակտիվ կերպով իրականացվում էին բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները, երբ կանոնավոր շփումներ էին տեղի ունենում Ռուսաստան–Ադրբեջան–Հայաստան ձևաչափով։ Այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` դա չի նշանակում, որ այլ տեսական հնարավորություններ չկան։ Սակայն հենց այդ ժամանակ դինամիկա կար` կապված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման և այդ պայմանավորվածությունների իրագործման ձևաչափերի հետ։
«Հազիվ թե բնակչությանը վախեցնելը լավագույն միջոցն է»․ Զախարովան՝ Փաշինյանի խոսքերի մասին
Զախարովան նշեց, որ հետո տարածաշրջանում իրավիճակի մեջ սկսեցին արևմտականները խառնվել, որոնք պարզապես ցանկանում էին որսալ օրակարգը, և ոչ ավելին։ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը կարծում է` նրանց հանգիստ չէր տալիս այն, որ իրավիճակը խաղաղ հուն է մտնում, որ կա միջազգային իրավական հարթություն, որտեղ երկրները պայմանավորվում են առանց ինչ–որ ագրեսիայի, չարության, չնայած շատ ծանր անցյալին` ունենալով խաղաղ ապագայի հստակ ծրագիր։
«Դա օրակարգի գաղտնալսումն էր։ Հենց արևմտականներն էին Հայաստանին պարտադրում Ղարաբաղի հարցում իրենց ձևը` մոռանալով տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պահպանման անհրաժեշտության մասին։ Դա հանգեցրեց տարածաշրջանում լրացուցիչ խնդրի ստեղծման»,– ասաց Զախարովան։
Նա նշեց, որ արևմտյան ռեժիմները Երևանին ստիպում են միակողմանի որոշումներ կայացնել երկու երկրների սահմանին վիճելի տարածքային հարցերի շուրջ։ Նա ընդգծեց, որ Հայաստանին նաև ուղղորդում են, որ Բաքվի և Մոսկվայի հետ հարաբերություններում դրական միտումները ոչնչանան։
Ստոլտենբերգի այցը տարածաշրջանի երկրներին ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի ներքաշելու փորձ է․ ՌԴ ԱԳՆ
«Երևանի հետ մեր հարաբերությունները եղել են և մնում են, ու ես անկեղծ համոզված եմ, որ դրանք հետագայում էլ կզարգանան»,– ասաց Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծեց, որ ԵՄ առաքելությունը Հայաստանի տարածքից լրտեսում է Ռուսաստանին, Իրանին, Ադրբեջանին, ինչը փաստական հիմնավորումներ ունի: Նա չբացառեց, որ դա կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել տարածաշրջանում։