Տպավորված եմ հայ զինվորների նվիրումով. Ստոլտենբերգը` հայ խաղաղապահների մասին

Յենս Ստոլտենբերգը Վահագն Խաչատուրյանին հայտնել է, որ այսօր դիտարկում են, թե ինչպես կարող են ավելի խորացնել համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Խաչատուրյանը կարևորել է Ստոլտենբերգի այցը Հայաստան, քանի որ դրանով ևս մեկ անգամ փաստում է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շարունակականությունը։
«Մենք այն երկիրն ենք, որը փորձում է ամեն ինչ անել, որ տարածաշրջանում իսկապես խաղաղություն հաստատվի: Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մենք առաջնորդվում ենք ժողովրդավարական սկզբունքներով և գաղափարներով»,– նշել է Խաչատուրյանը:
Յենս Ստոլտենբերգն էլ ընդգծել է, որ շուրջ 30 տարի Հայաստանի հետ որպես սերտ գործընկեր աշխատել է։
«Մենք մեծապես շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Հայաստանն անում է՝ աջակցելու ՆԱՏՕ-ի տարբեր առաքելություններին և գործունեությանը՝ ներառյալ հայ զինվորների անձնական ներկայությունը Կոսովոյում: Ես հայ զինվորներին հանդիպել եմ մի քանի անգամ և միշտ տպավորված եմ եղել նրանց պրոֆեսիոնալիզմով, նվիրումով և հանձնառությունով»,– նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին:
Ստոլտենբերգը շեշտել է, որ այսօր դիտարկում են, թե ինչպես կարող են ավելի խորացնել համագործակցությունը և, թե ինչպես կարող են միասին ավելին անել:
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև խաղաղության հաստատման շուրջ Հայաստան-Ադրբեջան շփումներում ներկայում առկա իրողությունների և մարտահրավերների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջանային է։ Հայաստան գալուց առաջ նա եղել է Ադրբեջանում և Վրաստանում։ Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։