«Պիոներ» հանքավայրում տեղի ունեցած փլուզման պատճառով Ամուրի մարզում արտակարգ դրություն է

ՌԴ Ամուրի մարզի հանքավայրում լեռնային ապարների փլուզումից հետո 13 մարդ կարող է փլատակների տակ լինել:
Sputnik
ՌԴ Ամուրի մարզում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Զեյսկի շրջանի «Պիոներ» հանքավայրում տեղի ունեցած միջադեպի պատճառով․ այնտեղ ապարների փլուզման հետևանքով 13 մարդ է մնացել փլատակների տակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ամուրի մարզի կառավարությանը։
«Ամուրի մարզում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել Զեյսկի օկրուգի «Պիոներ» հանքավայրում տեղի ունեցած միջադեպի պատճառով բոլոր ուժերն ու միջոցները մոբիլիզացնելու համար։ Այս որոշումն ընդունվել է արտակարգ իրավիճակների հանձնաժողովի հետ Ամուրի մարզի մարզպետի անցկացրած արտահերթ նիստում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով՝ տուժածների թվում ամուրցիներ չկան, բոլորը հերթափոխային աշխատողներ են այլ մարզերից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամուրի մարզի հանքավայրում ապարների փլուզումից հետո 13 մարդ կարող է փլատակների տակ լինել: Խաբարովսկի երկրամասից Զեյսկի շրջան է մեկնել ՌԴ ԱԻՆ-ի ուղղաթիռը՝ 13 փրկարարներով և հատուկ սարքավորումներով: Մարզային քննչական կոմիտեն ստուգումներ է կազմակերպել հանքի փլուզման փաստով։ Տեղում աշխատում է Զեյսկի շրջանի դատախազը։ Ամուրի շրջանի մարզպետ Վասիլի Օռլովն անձնական վերահսկողության է վերցրել հանքահորում տեղի ունեցած արտակարգ պատահարը։