ՆԱՏՕ–ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ ՀՀ–ն ու ՆԱՏՕ–ն կշարունակեն սերտացնել գործընկերությունը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՆԱՏՕ–ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին։ Այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը վաղուց է ՆԱՏՕ–ի գործընկեր և ողջունեց ու դրական գնահատեց Հայաստանի ներդրումը ՆԱՏՕ–ի առաքելություններին և գործողություններին։
«Մենք այսօր քննարկեցինք Հարավային Կովկասում կայունության կարևորությունը, սա կարևոր է եվրոատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առջև։ Հայստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո, ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել , որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման և տևական խաղաղության համար»,– ասաց Ստոլտենբերգը։
Յենս Ստոլտենբերգը ողջունեց նաև այն, որ ՀՀ–ն աշխատում է ամրապնդել ժողովրդավարական վերահսկողությունը ԶՈւ–ի նկատմամբ։ Նրա կարծիքով` Հայաստանը հանձնառություն է ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելու և իրավունքի գերիշխանությունը պահպանելու հարցում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ ՀՀ–ն ու ՆԱՏՕ–ն կշարունակեն ամրապնդել գործընկերությունը` միասին աշխատելով ավելի մեծ խաղաղության, կայունության և բարեկեցության համար։
ՀՀ–ն ակնկալում է ՆԱՏՕ–ի աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Փաշինյան
Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նախ այցելել է Ադրբեջան, երեկ Վրաստանում էր, իսկ այսօր այցելել է Հայաստան։ Բավքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը երկար տարիների հակամարտությունից հետո այսօր հնարավորություն ունեն հասնել կայուն խաղաղության։