ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում ՆԱՏՕ–ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` խաղաղության գործընթացը պետք է հիմնված լինի հայտնի և երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա, ինչպես նաև միանշանակ մերժի հարկադրանքի և սպառնալիքի քաղաքականությունը։
«Ստոլտենբերգին ներկայացրել եմ, որ 1991 թվականի Հայաստան–Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման Հայաստանի առաջարկներին Ադրբեջանը մինչ օրս դրական արձագանք չի ստացել»,–ասաց Փաշինյանը։
Փաշինյանը հույս հայտնեց, որ Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը` անհատապես հաստատված գործընկերության ծրագիրը, շուտով կհաստատվի։
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները։ Այս համատեքստում Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ–ն շահագրգռված է շարունակել առկա քաղաքական երկխոսությունն ընդլայնելու գործունեությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ։
ՀՀ վարչապետը նաև կարևորեց Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին` համարելով դա կարևոր ներդրում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործերում։
Նշենք, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջանային է։ Հայաստան գալուց առաջ նա եղել էր Ադրբեջանում և Վրաստանում։