ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՌԴ-ում ժողովրդավարության բացակայության մասին Արևմուտքի հայտարարությունները, որոնք արվել են ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ, բացատրվում են նրանով, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վրդովված են երկրում իրավիճակը խարխլելու իրենց գործողությունների ձախողմամբ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
«Аргументы и факты» պարբերականին տված մեկնաբանության մեջ Պատրուշևն ասել է, որ «զարմացած չէ», որ ԱՄՆ-ն այս շաբաթ հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանին ժողովրդավարության բացակայության մեջ:
«Թե՛ Վաշինգտոնը, թե՛ Լոնդոնը նյարդայնացած են, որովհետև Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակը խարխլելու նրանց գործողությունները ձախողվել են»,-պարզաբանել է Պատրուշևը:
Ինչ վերաբերում Է Եվրամիությանը, ապա այն «վաղուց արդեն սեփական կարծիք չունի»։
«Եվրոպական պետությունները լռում են նույնիսկ «Հյուսիսային հոսքերում» աղաղակող ահաբեկչության կապակցությամբ և դադարեցրել են տեղի ունեցածի հետաքննությունը։ ԵՄ երկրներում ինքնիշխանությունն ու իրական ժողովրդավարությունը պատմության գիրկն են անցել»,-ասել է Պատրուշևը։
«Կարևոր է հասկանալ, որ անգլոսաքսերը երբեք չեն ընդունի պետությունների իրական ժողովրդավարությունն ու անկախությունը։ Դրանով է բացատրվում նաև նրանց դժգոհությունը Ռուսաստանի քաղաքացիների ազատության և արդարության ձգտումից»,-ընդգծել է ՌԴ ԱԽ քարտուղարը։
Պատրուշևը նշել է, որ այս ֆոնին արևմտականները սեփական երկրներում հետապնդում են այլակարծությունը, սահմանափակում են ժողովրդի մասնակցությունը քաղաքական կյանքին, ձգտում են ճնշել ազգային և կրոնական ինքնությունը։ Արևմուտքը երկար ժամանակ աջակցել է ֆաշիզմին՝ իր տարբեր դրսևորումներով, իսկ ներկայումս խրախուսում է նեոնացիզմը, իր նպատակների համար օգտագործում է ահաբեկչությունը, հովանավորում է հակասահմանադրական ռեժիմներին և նեոգաղութատիրական քաղաքականություն է վարում, հավելել է նա։
«Եվ միևնույն ժամանակ Արևմուտքը մյուս երկրներին «ժողովրդավարություն» է սովորեցնում, ինչը միանգամայն անհեթեթ տեսք ունի»,-ամփոփել է Պատրուշևը: