ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։ Այսօր Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի՞նչ է նշանակում «սահմանազատում» և «սահմանագծում» կոնկրետ ՀՀ-ի դեպքում։ Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսվում Հայաստանի Հանրապետությունը։ Մենք բոլորս գիտենք, և դուք էլ գիտեք, դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում կամ որտեղ է ավարտվում Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Փաշինյանն ու կրկին ցույց տվել ՀՀ–ի այն քարտեզը, որն ավելի վաղ ցույց էր տվել իր վերջին ասուլիսի ընթացքում։
Նրա խոսքով՝ սահմանագծման հանձնաժողովները պետք է գնան և տեղում որոշեն, թե որտեղ է սկսվում ՀՀ-ն, և դա պետք է դառնա երկու հանրապետությունների միջև պետական սահման։
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է եկել ու այս հարցը ոսկեպարցիների հետ քննարկում։ Խոստովանել է՝ կան որոշ խնդիրներ, որոնց շուրջ ուզում է քննարկում ունենալ։
«Մենք տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող ենք իրականացնել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում»,- նշել է նա։
Ըստ ՀՀ վարչապետի` այստեղ առանձնահատկություն կա։ Ադրբեջանը բարձրաձայնում է 4 ոչ անկլավային գյուղերի մասին, Հայաստանը՝ 31 գյուղերի մասին։
«Երբ մենք ուզում ենք այս քննարկումներով առաջ գնալ, անգամ երբ հենվում ենք այն տրամաբանության վրա, որ մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրենք՝ դրանից պակաս, Ադրբեջանն օգտագործում է մի փաստարկ, որ ՀՀ բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, այսինքն՝ գյուղի բնակելի տարածքը վերահսկողության տակ չէ։ Ասում են՝ եկեք փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքներն ազատենք, հետո քննարկենք գյուղերի կենսական նշանակության տարածքների հարցը»,- ասել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ հայկական կողմը հակադարձում է, որ գյուղը միայն գյուղաապետարանը չէ, նաև նրա կենսական տարածքներն են։ Սակայն ՀՀ-ի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալ, դրա համար նաև որոշել են գնալ այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման։ Փաշինյանի խոսքով՝ դա անում են նաև Ոսկեպարի, Կիրանց գյուղերի համար, որ ապահովեն այդ գյուղերի անվտանգությունը։
Հիշեցնենք` Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակներում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասքիփարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ է ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա, Հեյրիմլի և Գըզըլգաջըլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։ Այս բոլոր գյուղերը գտնվում են ՀՀ Տավուշի մարզում` հայ–ադրբեջանական սահմանին։