Նոր թռիչքներ ենք բացում Աստանայի և Երևանի միջև. Ղազախստանի ԱԳ նախարար

Մուրատ Նուրթլեու
Մուրատ Նուրթլեուն նշում է, որ միջմայրցամաքային ծրագրերում Հայաստանը Ղազախստանի համար չափազանց մեծ նշանակություն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ղազախստանի և Հայաստանի միջև օդային հաղորդակցությունը զարգացնելու համար նոր թռիչքներ կմեկնարկեն։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրթլեուն։
«Հայաստանում ավելի քան 100 կազմակերպություն է գրանցված, որոնք ղազախական կապիտալ ունեն, իսկ Ղազախստանում նմանատիպ 435 ընկերություն կա։ Հենց այս ձեռնարկատերերի և առհասարակ քաղաքացիների ազատ տեղաշարժի համար մենք նոր թռիչքներ ենք բացում Երևանի և Աստանայի միջև»,– նշեց Նուրթլեուն։
Նա նաև ընդգծեց, որ միջմայրցամաքային ծրագրերում Հայաստանը Ղազախստանի համար չափազանց մեծ նշանակություն ունի։ Ըստ Ղազախստանի ԱԳ նախարարի` առևտրատնտեսական, ձեռնարկատիրական ներդրումային համագործակցությունն ամրացնելը կարող է զգալի իմպուլս հաղորդել երկու երկրի զարգացմանը։
Նուրթլեուն վստահեցրեց` երկու երկրի միջև փոխգործակցության հիմքը առևտրատնտեսական հարաբերություններն են։ Դիվանագետը շեշտեց, որ վերջին տարում Հայաստանի և Ղազախստանի միջև արտահանման մակարդակն աճել է 23 տոկոսով` 53 մլն դոլարով։ Նա հույս հայտնեց, որ այն դեռ կշարունակի աճել։
«Այս պահի դրությամբ ոչ հումքային առևտրի բնագավառում Ղազախստանը դեպի Հայաստան արտահանումը կարող է աճեցնել 70 կետով։ Այսինքն դա կարող է նշանակել 350 մլն դոլար»,– ասաց ղազախ դիվանագետը։
Հիշեցնենք, որ Ղազախստանի ԱԳ նախարարը Հայաստան է ժամանել մարտի 17-ին` երկօրյա այցով։