Դատարանը վճռել է` Տավուշի նախկին մարզպետը պետք է Հայաստանին ավելի քան 608 մլն դրամ փոխանցի

Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է հաշտության համաձայնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը վճռել է, որ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին պետք է ավելի քան 608 մլն դրամ փոխանցի։ Տեղեկությունը հայտնում է Դատական դեպարտամենտը։
«Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է հաշտության համաձայնությունը, որով Տավուշի մարզի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին է փոխանցելու ավելի քան 608 մլն 634 հազար դրամ գումար։ Այն կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի քան 75 տոկոսը»,– ասված է հաղորդագրությունում։
Որոշումը կայացրել է դատավոր Կարապետ Բադալյանը:
Ավելի վաղ դատախազությունը համաձայնություն էր տվել, որ Հովիկ Աբովյանը և նրա հետ փախկապակցված անձինք պետությանը 1.5 մլն դոլար փոխանցեն։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 31-ին Տավուշի նախկին մարզպետը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ նախկին քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար (հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը)։
ՀՀ–ում ապօրինի գույքի բռնագանձման հայց է ներկայացվել ավելի քան 20 նախկին պաշտոնյայի հանդեպ
Կատարված ուսումնասիրության արդյունքում՝ 2023 թվականի հունվարի 23–ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում:
Հովիկ Աբովյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2014 թ. մայիսի 15-ին, ազատվել էր այդ պաշտոնից 2018 թվականի հունիսի 1-ին։