ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik, Արամ Գարեգինյան. 2023 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը, մոտավոր գնահատմամբ, կազմել է 8 մլրդ 845 մլն կՎտ.ժ։ Այս մասին նշված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հաշվետվությունում:
Արդյունաբերական էլեկտրակայանները (որոնք էներգիա են վաճառում ՀԷՑ–ին) արտադրել են 8 մլրդ 455,2 մլն, ևս մոտ 390 միլիոն արտադրել են ինքնավար արևային էլեկտրակայանները, որոնք տնային տնտեսությունները և ոչ էներգետիկ ընկերությունները տեղադրում են սեփական սպառման համար։
2022 թվականի համեմատ (արդյունաբերական կայաններ գումարած ինքնավար արևային կայաններ) էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3,7%-ով։
Ատոմակայանն ավելի երկար է դադարի մեջ եղել, բայց պլանը կատարել է
Հայկական ԱԷԿ-ում արտադրությունը կրճատվել է մոտ 5 տոկոսով։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին կայանից, պատճառն այն է, որ 2023 թվականին ատոմակայանը ավելի երկար ժամանակ է վերանորոգման մեջ եղել, քան 2022 թվականին։ 2024 թվականին մի շարք տեխնիկական պատճառներով վերանորոգման դադարը մի փոքր ավելի երկար կտևի։ Դրա հետ մեկտեղ կայանը գերակատարել է 2023 թվականի արտադրության տարեկան պլանը։
Երևանի ՋԷԿ-ի աշխատանքը սահմանափակում են հանուն օտարերկրյա ներդրողների
Երևանի ՋԷԿ-ում արտադրությունը կրճատվել է 22%-ով, իսկ «ArmPower» ՋԷԿ-ում (Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկ) աճել է միանգամից մեկուկես անգամ։ Պատճառն այն պարտավորություններն են, որոնք պետությունը ստանձնեց, երբ մի քանի տարի առաջ պայմանագիր կնքեց կայանի բաժնետերերի՝ իտալական «Renco»-ի և գերմանական «Siemens»-ի հետ։ Կայանը ցանցին էլեկտրաէներգիա է վաճառում մեկ կիլովատտ/ժամի դիմաց 5,7 ցենտով, բայց միայն այն դեպքում, եթե աշխատում է 90% և ավելի բարձր հզորությամբ: Հակառակ դեպքում սակագնի վրա ավելացվում են գործակիցներ (կայանը որքան ցածր հզորությամբ է աշխատում, այնքան էլեկտրաէներգիան ավելի թանկ է վաճառում): Այս դրույթն ընդունվել է, որպեսզի ներդրողները ցանկացած դեպքում երաշխավորված եկամուտ ստանան։ Արդյունքում որպեսզի ՀԷՑ–ն ավել չվճարի «ArmPower»-ին, ավելի շատ էլեկտրաէներգիա է գնում նրանից, քան Երևանի ՋԷԿ-ից (որը, հիշեցնենք, պատկանում է Հայաստանի կառավարությանը)։
«Հրազդան-5»
«Գազպրոմ Արմենիա» ընկերության «Հրազդան-5» ՋԷԿ-ը 2022 թվականին գրեթե չի աշխատել, իսկ 2023 թվականին արտադրել է մոտ 180 մլն կՎտ.ժամ։ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ 2022-ին կայանի աշխատանքը դադարեցվել է վերանորոգման համար, իսկ 2023-ին ամբողջությամբ վերականգնվել է։
Հրազդանի ՋԷԿ, արտահանում Վրաստան և Իրան
Ինչ վերաբերում է Հրազդանի ՋԷԿ-ին (որը գտնվում է «Հրազդան-5»-ի հարևանությամբ), ապա 2023 թվականին կայանի արտադրությունը նվազել է 2,7 անգամ։ Ուլիխանյանը պարզաբանեց` պատճառն այն է, որ կայանը կրճատել է արտահանումը Վրաստան (բացառապես շուկայական կոնյունկտուրայի պատճառով)։ Ավելացնենք, որ Վրաստանի հետ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտահանման-ներմուծման դրական հաշվեկշիռը պահպանվել է (2022 թվականին՝ 365 մլն կՎտ.ժ 101 մլն կՎտ.ժ–ի դիմաց, 2023-ին՝ 145 մլն կՎտ.ժ 78 մլն կՎտ.ժ-ի դիմաց)։ Այնուամենայնիվ, անգամ 2023-ին արտահանումը շատ ավելի բարձր է եղել, քան 2022–ից առաջ (այդ տարվանից Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկան սկսեց ազատականացվել)։
Ի դեպ, դեպի Իրան արտահանումը մնում է միլիարդ կիլովատտ ժամից բարձր, թեև 2023-ին մի փոքր նվազել է (1 միլիարդ 178 միլիոնից մինչև 1 միլիարդ 96 միլիոն)։ Ներմուծման ցուցանիշը փոքր (20 մլն-ի սահմաններում)։
ՀԷԿ-եր և արևային կայաններ
Հիդրոէլեկտրակայանների արտադրությունն ընդհանուր առմամբ նվազել է` Որոտանի ՀԷԿ–երի համակարգում՝ 27%-ով, փոքր ՀԷԿ-երում՝ 13%-ով, Սևան-Հրազդանում՝ ընդամենը 2%-ով: Պատճառը գետերում ջրի հոսքի կրճատումն է։ Հիշեցնենք, որ Որոտանի կասկադը պատկանում է ամերիկյան «Contour Global» ընկերությանը, Սևան-Հրազդան կասկադը՝ հայ-ռուսական «Տաշիր» հոլդինգին:
Արևային կայանների արտադրությունն աճել է գրեթե մեկուկես անգամ՝ հասնելով 772 մլն կՎտ.ժ–ի։ Կրկնենք՝ այս ցուցանիշի մեջ մտնում է ինչպես արդյունաբերական կայանների, այնպես էլ ինքնավար կայանների արտադրությունը (դրանց սեփականատերերի սպառման համար), ներառյալ արտադրության ավելցուկը, որը այդ բաժանորդները տալիս են ցանցին:
Ավելի մանրամասն` աղյուսակում
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները
մլն կՎտ.ժ | + / - % 2022 թվականի համեմատ | |
Ընդհանուր | 8 845.1 | -3.7% |
ԱԷԿ | 2 846,2 | -4,8% |
Ջերմային կայաններ | ||
Երևանի ՋԷԿ | 1 371.2 | -22.2% |
«ArmPower» | 1 831,1 | +50,0% |
«Հրազդան-5» | 179,5 | - |
Հրազդանի ՋԷԿ | 328,0 | -2,7 անգամ |
ՀԷԿ–եր | ||
Որոտանի կասկադ | 543,2 | -26,6% |
Սևան-Հրազդան կասկադ | 398,7 | +2,1% |
Փոքր ՀԷԿ-եր | 703,9 | 9 -13,0% |
Արևային կայաններ | 772,2 | +47,6% |