«Իմ աշխատանքները յուրաքանչյուրը կարող է յուրովի հասկանալ` կախված աշխարհայացքից, պատկերացումներից ու հույզերից»: Այսպես է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը պատասխանել, երբ իրեն հարցրել են նկարների, կոլաժների ու ինստալյացիաների իմաստն ու բովանդակությունը։ Այնուամենայնիվ նրանցից մի քանիսի մասին վարպետը գրել է իր հուշերում ու պատմել, թե ինչպես է ստեղծել հիմա արդեն արվեստի գլուխգործոց համարվող նմուշները։
Կաթի շշի կափարիչներ, որ դարձրին նրան հանճար
Բանտում եղած տարիներին չունենալով ստեղծագործելու համար անհրաժեշտ պարագաներ, բայց ունենալով մեծ ցանկություն` Փարաջանովը ստեղծագործում էր ձեռքի տակ եղածով։ Ստեղծում էր կոլաժներ ինչից պատահի` փորագրում էր մեխով, երբեմն անգամ եղունգով` տարբեր իրերի վրա։ Հենց այսպես էլ ստեղծվեցին կինոռեժիսորի հայտնի թալերները։
Սերգեյ Փարաջանովի ստեղծած թալերները
© Sputnik / Asatur Yesayants
Պուշկինի, Գոգոլի, Պետրոս I-ի և այլոց դիմանկարները Փարաջանովը եղունգով փորագրել էր կաթի ալյումինե կափարիչների վրա ու անվանել դրանք թալեր` նմանեցնելով միջնադարյան Եվրոպայի մետաղադրամին։
Հետագայում, երբ բանտի աշխատակիցները Փարաջանովի մենախցում գտել են թալերները, դրանք ուղարկել են հոգեբուժական փորձաքննության` համոզված լինելով, որ պատասխան կստանան, թե նա խենթ է, այնինչ ստացել են հետևյալ պատասխանը` այս մարդը հանճար է։
Սերգեյ Փարաջանովի ստեղծած թալերները
© Sputnik / Asatur Yesayants
Այսօր պահպանվել է ընդամենը 6 թալեր, քանի որ դրանցից շատերը Սերգեյ Փարաջանովը նվիրել է ընկերներին։ Մեկն էլ ուղարկել է Ֆեդերիկո Ֆելինիին։ Հանճարեղ իտալացի ռեժիսորը գնահատել է Փարաջանովի հնարամտությունը ու թալերի օրինակով ստեղծել է Ռիմինիի կինոփառատոնի մրցանակը։ Փարաջանովի թալերներից մեկն էլ հետագայում դարձել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակ։
Մոնա Լիզայի դաջվածքով բանտարկյալը
Կալանավայրում ռեժիսորը մի բանտարկյալի էր նկատել, որի մեջքին Ջոկոնդայի դիմանկարով դաջվածք կար։ Շոգ եղանակին, երբ տղամարդն առանց շապիկի էր լինում, նրա մկանների շարժից ասես շարժվում էր նաև դաջվածքի դեմքը։ Սերգեյ Փարաջանովը ֆիքսել էր Մոնա Լիզայի դեմքի տարբեր «արտահայտությունները»` լացելիս, ծիծաղելիս, աչքով անելիս, զարմանալիս, ջղայնանալիս, ու այդ ամենը հետագայում դարձրել կոլաժներ` անվանելով դրանք «Մի քանի դրվագ Մոնա Լիզայի կյանքից»։
Շարքի առաջին կոլաժը` «Լացող Ջոկոդան», նա արել է հենց բանտում և մի երկտողի հետ ուղարկել է կնոջը` Սվետլանային. «Երբ ես մահանամ, նա ինձ համար կողբա»։
Մյուս կոլաժներին Փարաջանովն անուններ չի տվել, դրանց անունները` «Սիրահարները», «Դանթե», «Անառակ կինը», «Խորհրդավոր ընթրիք», «Կիսադեմ», ընտրել են թանգարանի այցելուններն ու աշխատակիցները` նմանեցնելով այս կամ այն երևույթին։
Կոլաժի թեմա դարձած վառվող ցախավելը
Մի օր արդեն վատառողջ Սերգեյ Փարաջանովը մաքրում էր բանտի տարածքը, երբ այդտեղով անցնում է բանտապանն ու ասում. «Դատապարտյա՛լ Փարաջանով, առանց կրակի եք աշխատում»:
«Գողը երբեք լվացարար չի դառնա» կոլաժը
© Sputnik / Aram Nersesyan
Հաջորդ օրը Փարաջանովը հեռվից տեսնում է, որ բանտապանը մոտենում է իրեն: Նա այդ պահին լուցկի է տալիս ցախավելին ու այրվող ցախավելով շարունակում գործ անել` ցույց տալով, որ «կրակով» է աշխատում:
Հենց այս իրադարձության հուշերով է կինոռեժիսորը ստեղծել «Գողը երբեք լվացարար չի դառնա» կոլաժը, որտեղ էլ պատկերել է ինքն իրեն` ցախավելը ձեռքին` ասելով, թե արվեստագետը հավաքարար երբեք չի դառնա։
Նոր ցուցանմուշ թանգարանում
Վերջերս Սերգեյ Փարաջանովի թանգարանում է հայտնվել նրա վերջին` արտասահմանյան անձնագիրը։ Երկար ժամանակ այս անձնագրի մասին ոչ ոք ոչինչ չի իմացել, միայն վերջերս է Փարաջանովի աշակերտ, գեղանկարիչ Կարեն Դավիդովը այն նվիրել թանգարանին։
Սերգեյ Փարաջանովի արտասահմանյան անձնագիրը
© Sputnik / Asatur Yesayants
1965–ից 1988 թվականներին Սերգեյ Փարաջանովը հնարավորություն չի ունեցել լքելու Խորհրդային Միության տարածքը։ Երբ վերջապես ստացել է անձնագիրը, մեկնել է Ռոտերդամ, մասնակցել կինոփառատոնի ու անգամ ճանաչվել ապագայի 20 լավագույն ռեժիսորներից մեկը։
Վերջին ուղևորությունն այս անձնագրով եղել է դեպի Ֆրանսիա։ 1990թ–ին նա մեկնել է Փարիզ` բուժման նպատակով։ Ցավոք, բուժումն արդյունք չի տվել, և Հայաստան վերադառնալուց մի քանի օր անց նա մահացել է։