Լարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Պատճառը եղանակային պայմանների վատթարացումն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Լարսն ամբողջությամբ փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,–նշեց կցորդը։
Ավելի վաղ Վերին Լարսում առատ ձյան պատճառով երկու ուղղությամբ ճանապարհը փակվել էր բեռնատար տրանսպորտի համար։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: