Հայաստանում սկսել են սկաֆանդրներ և ռոբոտներ փորձարկել դեպի Մարս թռիչքների համար

Հետազոտողների խումբը Հայաստանում կաշխատի մինչև ապրիլի սկիզբ։ Նախագծին մասնակցում է ավելի քան 200 գիտնական 26 երկրներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանի հետազոտողները ձեռնամուխ են եղել ռոբոտների և սկաֆանդրների փորձարկմանը՝ դեպի Մարս ապագա հնարավոր թռիչքների համար։ Հետազոտությունն անցկացվում է Հայաստանի Արմաշ գյուղի մոտակայքում, քանի որ, մասնագետների կարծիքով, երկրի տեղագրությունը հիշեցնում է Մարսի ռելիեֆը, հաղորդում է Bild-ը։
Նշվում է, որ 2 կին և 4 տղամարդ բացարձակ մեկուսացման պայմաններում գործարկելու են ռոբոտներին և փորձարկելու նոր սկաֆանդրները, որոնք նախատեսված են Մարսի եղանակի համար (որտեղ ջերմաստիճանը տատանվում է -133-ից մինչև +27 աստիճան)։
Վեց «անալոգային տիեզերագնացները» կստուգեն սարքավորումը՝ Մարսի վրա կյանքի հետքեր հայտնաբերելու համար, ինչպես նաև Հայաստանում կփորձարկեն ռոբոտներին, որոնք կստեղծեն տարածաշրջանի 3D քարտեզը, հողի նմուշներ կվերցնեն և կտեղափոխեն ծանր բեռներ։
Թեստավորմանը մասնակցող հետազոտողները մշտական կապի մեջ են կառավարման կայանի հետ, որը ստեղծվել է Ավստրիական տիեզերական ֆորումի (OeWF) և Հայկական տիեզերական գործակալության մասնակցությամբ։
Մտածեցի` կատակ է. Հովհաննես Ավագյանը Հայաստանում տիեզերագնացներ է մարզելու
Ռադիոփոխանակման մեջ արհեստականորեն ներառվել է մոտ 10 րոպե ուշացում, դա համապատասխանում է Երկրի և Մարսի միջև ազդանշանի հետաձգմանը։
Հետազոտողների խումբը կաշխատի Հայաստանում մինչև ապրիլի սկիզբ։ Նախագծին մասնակցում է ավելի քան 200 գիտնական 26 երկրից։