ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Երևանի բնակիչ 34–ամյա տղամարդն ու 29–ամյա կինը, նախնական համաձայնությամբ, Telegram հավելվածի միջոցով ապօրինի ձեռք են բերել և իրացրել թմրամիջոցներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները նրանց հայտնաբերել ու ձերբակալել են մարտի 13–ին մայրաքաղաքի Վարդանանց փողոցում:
Ձերբակալելու պահին տղամարդը փորձել է դիմել փախուստի, ինչը, սակայն, նրան չի հաջողվել:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ընդհանուր 9,18 գրամ քաշով մեթամֆետամինի նմանվող զանգված` պոլիէթիլենային տոպրակներով, ինչպես նաև նույն թմրամիջոցի նմանվող մոտ մեկ գրամ զանգվածով փաթեթ ու գաղտնի փականով դանակ։
Ոստիկանությունից նշում են, որ կնոջ խուզարկության արդյունքն ավելի տպավորիչ է եղել. հայտնաբերվել են տարբեր գույնի կպչուն ժապավենով 114 փաթեթ` մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր մոտ 93 գրամ քաշով, մոտ 127 գրամ նույն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ, ևս մեկ տոպրակ` ավելի քան 4 գրամ քաշով:
«Հայտնաբերվել են նաև զիպ փականով 193 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 50 գրամ քաշով, դեղնականաչավուն հետքերով երկու աղաց, նույն հետքերով էլեկտրական կշեռք, երկու տարա, սուրճի երկու տոպրակ, դատարկ տոպրակներ ու կպչուն ժապավեններ»,–նշում են ոստիկանությունից։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: