ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի քաղաքային օկրուգը գնդակոծության տակ է հայտնվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքային վարչակազմի Telegram-ալիքին:
«Հրետակոծություն է ընթանում։ Գրայվորոն քաղաքային շրջան, Գրայվորոն քաղաք։ Իջեք նկուղ (թաքստոց)»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ Բելգորոդի մարզի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն իր հերթին հայտնել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում ուկրաինական գնդակոծությունների հետևանքով վիրավորվածներից ավելի քան 10-ը շարունակում է մնալ հիվանդանոցներում, նրանցից 5-ի վիճակը ծանր է:
«Երեկ 22 մարդ է վիրավորվել Բելգորոդից, Բելգորոդի շրջանից, Գրայվորոնսկի քաղաքային շրջանից։ Այսօրվա դրությամբ հիվանդանոցում մնում է 9 մարդ։ Մյուսներին օգնություն է ցուցաբերվել, նրանք արդեն տանն են։ Գումարած 4 մարդ, ովքեր վիրավորվել էին ավելի շուտ, ընդհանուր առմամբ 13 մարդ հիվանդանոցում է։ Նրանցից 5-ի վիճակը ծանր է»,-նշել է Գլադկովը։
Մարզպետը նշել է, որ Գրայվորոնի շրջանի սահմանամերձ գյուղերի մոտ 400 բնակչի տեղափոխել են անվտանգ վայր:
Մարտի 14-ին Բելգորոդի շրջանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը Գրայվորոնի շրջանի բնակիչներին վեց անգամ տեղեկացրել է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունների մասին:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում։