ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «ՄՏՍ Արմենիա» ընկերության բաժնետեր Կոնստանտին Սոկոլովին և «ՄՏՍ Արմենիայի» խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի, որի բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, գործունեությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը կարևորել են ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում գործող «ՄՏՍ Հայաստանի» հետևողական զարգացումն ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը:
Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ Արմենիայի» ղեկավարությանը
Հիշեցնենք, որ հունվարի 25–ին «ՄՏՍ Հայաստանը» հայտարարություն տարածեց` նշելով, որ իր բաժնետոմսերի 20%-ը փոխանցում է Հայաստանի Հանրապետությանը` անհատույց։
Հունվարի 24-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը դադարում է ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել: Ընկերության նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (FEDILCO GROUP LIMITED) ընկերությունն է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են:
Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ Արմենիայի» ղեկավարությանը