ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում էական հետընթաց է գրանցվել, հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նիստի ժամանակ:
«Ցավոք, մի ոլորտ, մի հարց կա, որտեղ դեռ ցանկալի արդյունքի չենք հասել։ ԵՄ-ի հետ աշխատանքն աննախադեպ ինտենսիվ է եղել, և բոլոր ուղղություններով առաջընթաց կա։ Բայց մի հարցում՝ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Միության առանձին անդամների հետ հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրական լինելուց։ Դա վիզաների հարցն է»,- ասել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանք է կատարվել բոլոր մակարդակներում։ Բայց չի կարելի ասել, թե առաջընթաց է գրանցվել։
«Ընդհակառակը, էական հետընթաց է գրանցվել։ Նույնիսկ Erasmus ծրագրով մեկնող ուսանողների համար, թեև ենթադրվում էր, որ նրանք չպետք է որևէ խնդիր ունենան: Խոսքը նաև որոշ պաշտոնյաների մասին է։ Բացի այդ, բազմաթիվ բողոքներ ենք ստանում քաղաքացիներից»,-նշեց Հովհաննիսյանը։
ԱԳՆ-ն, փոխնախարարի խոսքով, փորձում է ակտիվացնել աշխատանքը։ Նա հույս է հայտնել, որ մինչև այս տարվա եվրոպական ընտրությունները իրավիճակը դեպի լավը կփոխվի։
Երևանն աշխատում է երկու ուղղությամբ՝ ինչպես ազատականացման, այնպես էլ դյուրացված գործող ռեժիմի վերականգնման ուղղությամբ, որը կորոնավիրուսի համավարակից հետո այդպես էլ չսկսեց կարգին գործել։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցով առանձին քննարկումներ չեն ընթանում։