Իրավապահները կանեփի ջերմոց-լաբորատորիա են հայտնաբերել Էջմիածնում և 3 եղբոր ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կանեփ աճեցնելու, ինչպես նաև Արմավիրի մարզում և Երևանում «Տելեգրամ» հավելվածի միջոցով տարբեր վայրերում տեղադրելով` մեթամֆետամին և մարիխուանա իրացնելու մասին տեղեկությունը ոստիկանությունը ստացել է փետրվարի 19-ին։
Տվյալ է եղել, որ ավագ եղբայրը մարիխուանան պատրաստում է հորեղբոր որդու տանն ու օժանդակ շինություններով աճեցրած կանեփից։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշման հիման վրա, մարտի 14-ին խուզարկություն է կատարվել եղբայրների բնակարանում:
«Հայտնաբերվել է զիպ փականով 18 փաթեթ` դեղնականաչավուն զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը ավելի քան 747 գրամ էր: 42-ամյա եղբայրը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է, փաթեթներն էլ պատրաստել է «Տելեգրամ» հավելվածի միջոցով իրացնելու համար: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նույն օրը խուզարկություն է կատարվել նաև Մանուշյան փողոցում գտնվող հորեղբոր որդու տանն ու օժանդակ շինություններում: Փաստացի այստեղ էր բնակվում նաև ավագ եղբայրը: Բակում հայտնաբերվել է կանեփի աճեցման համար կահավորված լաբորատորիա, որտեղ կար կանեփի 23 թուփ: 44-ամյա եղբոր մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված»,– ասված է հաղորդագրությունում:
Մանուշյան փողոցի տան խուզարկության արդյունքում խորդանոցում հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ: Ավագ եղբայրը հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել «Տելեգրամի» միջոցով իրացնելու համար, իրենն է նաև ատրճանակը, որը բերել էր 44-օրյա պատերազմից հետո:
Ձերբակալվել են նաև ավագ եղբայրն ու հորեղբոր որդին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: