Քվեատուփերի մեջ հեղուկներ լցնելը ոչ թե սովորական խուլիգանություն է, այլ ահաբեկչության տարր։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քվեատուփեր են վնասվել Սիմֆերոպոլում, Ռոստովի մարզում, Վորոնեժում, Մոսկվայում և Կարաչայ-Չերքեզիայում:
«Կներեք, դրանք ահաբեկչության տարրեր են․.. Սա սովորական խուլիգանություն չէ», - նշել է Պամֆիլովան ՌԴ ԿԸՀ նիստում։
Նրա խոսքով՝ քվեատուփերը վնասելուհամար ձերբակալվածները խոստովանել են, որ արել են դա գումարի դիմաց և տեղյակ չեն եղել քրեական պատասխանատվության մասին:
«Ուշադիր լսե՛ք` դա Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածն է՝ ընտրական իրավունքների իրականացումը կամ հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելը: Մինչև հինգ տարի», - ավելացրել է Պամֆիլովան։
Հիշեցնենք` ՌԴ նախագահի ընտրություններն անցկացվում են երեք օրվա ընթացքում՝ մարտի 15–17–ը։
Ընտրություններին մասնակցում է չորս թեկնածու՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը, Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին և Պետդումայի Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման հանձնաժողովի նախագահ, կոմունիստ Նիկոլայ Խարիտոնովը: