Որ սեփականատիրոջ ձեռքից վերցնեն, մյուսներին դաս կլինի. Մինասյանը` հուշարձան–շենքերի մասին

«Արագիլ» ռեստորան
Ճարտարապետների միության նախկին նախագահը վստահեցնում է, որ մասնագետները 30 տարի շարունակ բարձրացրել են Երևանի հուշարձան-շենքերի պահպանման խնդիրը։ Այդ ընթացքում տասնյակ շենքեր ուղղակի քանդվել են, անդառնալի կորսվել։ Սակայն պետությունը մինչ օրս խոսքից գործի չի անցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի– Sputnik. Երևանում այնպիսի կառույցներ կան, որոնք սոսկալի վիճակում են, և հարցը լուծելու միակ տարբերակը սեփականատիրոջ ձեռքից վերցնելն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Ճարտարապետների միության նախկին նախագահ Մկրտիչ Մինասյանը` անդրադառնալով մայրաքաղաքի` մասնավորի ձեռքում գտնվող հուշարձան-շենքերի ներկա վիճակին ու դրանց ճակատագրին։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական վերջին նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Երևանում գույքագրվել են շուրջ 50 հուշարձան-շենքեր, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց և ունեն բարեկարգման կարիք ։ Ավինյանն անհրաժեշտ էր համարել, որ մասնավորի ձեռքում գտնվող հուշարձան-շենքերը չբարեկարգելու համար տուգանք կիրառվի, ինչի լիազորությունը քաղաքային իշխանություններն ունեն։
«Երևանի հուշարձան–շենքերի սեփականատերերը ժամանակին դրանք ձեռք են բերել զուտ որպես գույք ու այդպես էլ վերաբերվում են` անխնա ու անթույլատրելի միջամտություններով։ Այնինչ սեփականացնողը պետք է իմանա, որ պետության հետ միասին կամ հենց ինքը պետք է հոգ տանի այդ շենքերի պահպանության համար»,– ասաց Մինասյանը։
Որպես ամենացայտուն օրինակ մասնագետը հիշեցրեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը հանձնված արտգործնախարարության նախկին շենքը (Հանրապետության հրապարակում), որն արդեն մի քանի տարի անխնամ վիճակում է։
ՀՀ ԱԳՆ–ի նախկին շենքը
Հաջորդ օրինակը Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հայրենիք» կինոթատրոնի շենքն է, որի փլուզված սյունը հնարավոր եղավ վերականգնել միայն պետության միջամտությունից հետո։
«Հայրենիք» կինոթատրոն
Մեկ այլ օրինակ էլ «Հայրենիք» կինոթատրոնի դիմացի մայթին գտնվող նախկին հանրախանութի շենքն է։
«Ճարտարապետ Գևորգ Թամանյանի հեղինակած շենքն է։ Ինչպես 30 տարի առաջ սեփականացվել է, այդպես էլ մինչև այսօր մնացել է»,– արձանագրեց ճարտարապետը։
Մկրտիչ Մինասյանի խոսքով` եթե պետությունը հուշարձան–շենքերի պահպանությունը ստանձնած, բայց չկատարող սեփականատերերի նկատմամբ իրավական լծակ կիրառի և հետևողական լինի, կարող է հասնել ցանկալի արդյունքի։

«Մոնումենտի «Արագիլ» ռեստորանի շենքը, օրինակ, սոսկալի, զարհուրելի վիճակում է։ Այստեղ նույնիսկ մտածելու բան էլ չկա, ուղղակի պետք է վերցնեն սեփականատիրոջ ձեռքից` ինչ գնով էլ լինի, որպեսզի մնացածներին դաս լինի»,– ասում է Մինասյանը` նկատելով, որ գործընթացը դժվար է ու ժամանակատար, բայց անհրաժեշտ։

Որպես հուշարձան շենքերի «պահպանման» արատավոր պրակտիկա ճարտարապետը նշում է Երևանի կենտրոնում վերջին տարիներին կատարված կառուցապատումները, երբ հուշարձան շենքից պահպանվել է միայն ֆասադը` 1-2 հարկ, և դրա վրա կառուցվել է 10-ից ավելի հարկանի բազմաբնակարան շենք։
«Ճակատային մի մասը պահում են ու ասում` մենք հուշարձանը պահպանեցինք, փրկեցինք։ Այդպիսի բան չկա, կա՛մ դու հուշարձանը պահում ես, կա՛մ չես պահում։ Մի պատը պահելը ո՞րն է»,– վրդովվում է մեր զրուցակիցը։
Մինասյանն ընդգծում է` հարցը նոր չէ. այն 30 տարի շարունակ պարբերաբար բարձրացվել է մասնագետների կողմից։ Այդ ընթացքում տասնյակ հուշարձան–շենքեր ուղղակի քանդվել են, անդառնալի կորսվել։ Սակայն պետությունը մինչ օրս խոսքից գործի չի անցել։
Իսկ թե Երևանի քաղաքապետի` խնդիրը լուծելու առաջարկը որքանով կվերածվի կոնկրետ գործողության, ինչպես Մինասյանն է ասում, կապրենք, կտեսնենք։