Եթե գնաք այնտեղ, անսպասելիորեն կհայտնվեք Մարս մոլորակում, որտեղ տեղադրված են հատուկ կացարաններ, իսկ տարբեր երկրներ ներկայացնող 6 «տիեզերագնացները» շրջում են մարսագնացով։ Այդ մարդիկ, իհարկե, Մարս չեն թռչելու, բայց այս ծրագիրը նախապատրաստած այսպես կոչված Ավստրիական տիեզերական ֆորումը համոզված է՝ նման հետազոտությունները, որոնք արդեն անցկացվել են Մարոկոյում, Իսրայելում, Օմանում, կօգնեն նրանց, ում վիճակված է առաջինը ոտք դնել Կարմիր մոլորակի ավազին։ Մեկ ամսվա ընթացքում պարզ կդառնա, թե ինչ թերություններ ունեն սարքավորումները, ինչ դժվարություններ և անակնկալներ են սպասում Մարս ժամանած առաջին տիեզերագնացներին։ Մի խոսքով` արմաշյան այս ծրագիրը կարելի է համեմատել զորավարժությունների հետ, որոնց ընթացքում ճշտվում է, թե ինչպիսի իրավիճակներում է հայտնվելու զինվորականն իրական ռազմական գործողությունների ժամանակ։
Միայն մի կոնկրետ օրինակ բերեմ։ Ենթադրենք, թե դուք Մարսի վրա եք և արդեն տեղադրել եք կացարանը։ Հո ողջ հանդերձանքով, սկաֆանդրով այդ կացարանում չե՞ք նստելու, որովհետև այդ հանդերձանքը գիտե՞ք որքան է կշռում։ Մոտ 50 կիլոգրամ։ Այն հանելու համար կես ժամ է պահանջվում, իսկ հագնելու համար՝ 2 ժամ։ Եվ չի բացառվում, որ Արարատի մարզում ձեռք բերված փորձը նպաստի այդ բարդ գործընթացի արագացմանը։ Եվ ընդհանրապես նույնիսկ ամենաննշան խափանումը, որի շտկելը սովորական պայմաններում վայրկենական գործ է, կարմիր մոլորակի վրա կարող է անլուծելի պրոբլեմի վերածվել։ Հենց այդպիսի իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն է ուղղված ավստրիական կազմակերպության նախաձեռնած այս ծրագիրը, որին մասնակցում են Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից և Ավստրիայից Հայաստան ժամանած մասնագետները։
Իհարկե, ամենահետաքրքիր հարցը սա է՝ իսկ ե՞րբ են մարդիկ ի վերջո թռչելու դեպի Մարս։ Համարձակվեմ ենթադրել, որ այս պահին որևէ մեկը հստակ պատասխան չունի։ Իհարկե, կանխատեսումները բազմաթիվ են ու բազմապիսի, բայց գոնե ես դրանց բավական հոռետեսորեն եմ վերաբերվում։ Զուտ եղած փորձից ելնելով։ Տեսե՛ք, մի ժամանակ ամերիկացի մեծահարուստ Իլոն Մասկը պնդում էր՝ առաջին թռիչքը կկայանա 2024 թվականին, այսինքն` հենց այս տարի տիեզերագնացներն առնվազն պիտի պտտվեին կարմիր մոլորակի շուրջ և վերադառնային Երկիր։ Հետո 2024-ը դարձավ 2026, հիմա էլ Մասկի թիմը պնդում է՝ վերջնաժամկետը 2029 թվականն է։
Արդեն շատ քչերն են հավատում, որ հինգ տարի անց թռիչքը դեպի Մարս իրականություն կդառնա, բայց Մասկի սկզբունքային դիտարկումը որևէ մեկը չի հերքում։ Իսկ միլիարդատերն ասում է՝ որպեսզի կենդանի էակը կարողանա գոյատևել, նա պետք է հաղթահարի այսպես կոչված Մեծ ֆիլտրը։ Մարդկության դեպքում այդ Մեծ ֆիլտրը այլ մոլորակներ բնակեցնելն է, ինչը թույլ կտա կտրուկ նվազեցնել լիովին կործանվելու և վերանալու ռիսկը։ Իսկապես, եթե մենք շարունակելու ենք մնալ մեր այս հարազատ մոլորակում, մեր գլխին միշտ կախված են լինելու բազմաթիվ վտանգներ՝ բախում խոշոր երկնաքարի հետ, աննախադեպ հրաբուխ, համավարակ, որը կորոնավիրուսից 1000 անգամ ավելի կործանարար է լինելու, արհեստական բանականության ընդվզում և այլն։
Իսկ եթե հաջողվի բնակեցնել գոնե մոտակա մոլորակները, նույնիսկ Երկրի վրա տեղի ունեցած ապոկալիպսիսից հետո մարդկությունը չի վերանա, այլ կշարունակի յուրացնել տիեզերքը։ Այնպես որ, կարող ենք հպարտանալ՝ հենց այս օրերին Արմաշում մենք մեր պստլիկ լուման ենք ներդնում՝ նպաստելով մարդկության գոյատևմանը։
Եվ վերջապես։ Քչերը գիտեն, որ հայաստանյան այս հետազոտությանը զուգահեռ Միացյալ Նահանգներում արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է ՆԱՍԱ-ի կազմակերպած գիտափորձը, որն, իհարկե, շատ ավելի երկարատև է։ Անցած տարվա հուլիսից չորս կամավորներ մեկուսացել են այն կացարանում , որը ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ ստեղծվել է Հյուսթոնի տիեզերական կենտրոնի հարևանությամբ։ Նրանք կմնան այնտեղ 378 օր, այսինքն` մեկ տարուց ավելի։ Եթե Արմաշի հետազոտության առանձնահատկությունն այն է, որ այդ առաքելությունն իրականացվում է Մարսի լանդշաֆտին հար և նման բնական պայմաններում, ապա Հյուսթոնի ծրագրի նպատակը բոլորովին այլ է՝ մասնագետները ցանկանում են պարզել, թե ինչ հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ, երբ փոքր խմբի անդամներն ամիսներով կտրված են արտաքին աշխարհից ու հարազատներից և հնարավորություն ունեն շփվելու միայն միմյանց հետ։
Համաձայնե՛ք, չափազանց բարդ իրավիճակ է։ Անկեղծ խոստովանեք՝ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես կարող են չորս հայաստանցիներ մեկ տարի շարունակ շփվել միայն իրար հետ և ձեռնամարտի չբռնվել՝ վիճելով հայաստանյան իշխանությունների և ընդդիմության մասին։ Ես չեմ պատկերացնում։