ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա ուսանողի սպանության մեջ կասկածվող 21-ամյա երիտասարդից բացի, Սիսիանում հայտնաբերվել են նաև ծեծկռտուքին մասնակցած 2 երիտասարդներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նշված 3 անձինք երեկ Սիսիանից տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի»,–ասաց Սարգսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 12-ին Մամիկոնյանց փողոցում գործող քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, դանակահարվել է ուսանող, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 5-րդ կետով։
Երեկ հայտնի դարձավ, որ սպանության մեջ կասկածվող 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Սիսիանում և ձերբակալվել։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` սպանվածի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցի շուրջ տևական ժամանակ անհամաձայնություն է եղել, անբարյացակամ հարաբերություններ են ձևավորվել։
Մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։ Երիտասարդների միջև կրկին վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա ընկել է, բայց տղաները շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան: Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի։
Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ: