ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Բացահայտվել են Երևան քաղաքում 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու դեպքերը, հայտնում է քննչական կոմիտեն։
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ կազմակերպել են 2024 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024 թվականի փետրվարի 20-ին Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչությունների կատարում:
Համաձայն հաղորդագրության` Գ.Ս.-ն ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու համար կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքում պայթյուն կատարելը:
«Գործելով նույն դիտավորությամբ՝ Ա.Գ.-ն, Է.Պ.-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024 թվականի փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն պայթեցման սարքը: Դրանից հետո վերջիններս ուղևորվել են Երևանի Նոյ թաղամասի նախապես որոշված հասցե, որտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե Երևան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Գուրգեն Մելքոնյանին, պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է դեպի հիշյալ առանձնատան աջ անկյունային հատվածը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Վ.Հ.-ն, Գ.Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանին իրենց համար անընդունելի քաղաքականություն վարելուց հարկադրելու դիտավորությամբ 2024 թվականի փետրվարի 20-ին գնացել է Երևանի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ և ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ և պենտալիտ, իսկ որպես խոցման միջոց՝ հեղյուսներ և մանեկներ պարունակող ինքնաշեն պայթեցման սարքը։
Ապա նույն ժամանակահատվածում իր մոտ գտնվող ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել է Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող ՔՊ կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ:
Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել, և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմը հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:
Նշված արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են: