Առուշ Առուշանյանը «գոլդ» համարանիշով մեքենան խմած է վարել և զրկվել վարորդական իրավունքից

«Գոլդ» համարանիշը պատկանում է Գորիսի համայնքապետի հոր ՍՊԸ–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» պետհամարանիշներով ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ «000 OO 00» համարանիշներով մեքենայի վարորդը ոչ սթափ վիճակում է, և իրավապահները ժամը 00։45-ի սահմաններում նրան հայտնաբերել են Երևանի Թևոսյան փողոցում։
«Պարեկները կագնեցրել են մեքենան, վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվել ու պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Վերջինս 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից»,– գրում է կայքը:
Նշենք, որ մարտի 12-ին Առուշ Առուշանյանի ծննդյան օրն է, նա դարձավ 33 տարեկան։
Հիշեցնենք, որ «000 OO 00» համարանիշը ձեռք է բերել «Առանցք» ՍՊԸ–ն, որը պատկանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը` Գագիկ Առուշանյանին։
Կայքի տեղեկություններով` Գագիկ Առուշանյանը նույնպես զրկված է ավտոմեքենա վարելու իրավունքից։