ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Դատարանը որոշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը, փոխել։
«Լսելով վարույթի մասնակիցների կարծիքը, դատարանը որոշեց պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը բավարարել` մեղադրալ Լևոն Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը փոփոխել, խափանման միջոց ընտրել գրավը։ Գրավի գումարի չափ է սահմանվում 2 մլն դրամը»,– նշեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Նա ընդգծեց, որ դատարանի կարծիքով նշված խափանման միջոցը և դրա չափը կարող է զսպող ազդեցություն ունենալ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։ Բացի այդ, մեղադրյալը հնարավորություն կունենա որպես Աժ պատգամավոր լիարժեք իրականացնել իր գործունեությունը։
Ֆարխոյանը շեշտեց` որոշումը բողոքարկման ենթակա չէ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 7-ին տեղի ունեցած դատական նիստին դատարանը թույլ չտվեց Լևոն Քոչարյանին մեկնել Ժնև` մասնակցելու միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։ Այն տեղի է ունենալու մարտի 22-25-ը։ 15–հոգանոց հայկական պատվիրակությունը գլխավորելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ Լևոն Քոչարյանը կալանավորվել էր 2023 թ. սեպտեմբերի 25–ին և ազատ արձակվել նոյեմբերի 6–ին։ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։