Ինչ է Արշակ Կարապետյանը «WhatsApp»-ով զեկուցել Փաշինյանին. տեսանյութ

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ 2021 թ. նոյեմբերի 14–ին եղել է Դուբայում և ոչ մի կերպ չէր կարող ՀՀ վարչապետին զեկուցել սահմանային իրավիճակի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվամբ տիկտոկյան էջում տեսանյութ է հրապարակվել նրա և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի WhatsApp հավելվածի գրագրության վերաբերյալ։ Դրանից երևում է, որ նոյեմբերի 14–ին, ժամը 09.38, Կարապետյանը ձայնային հաղորդագրությամբ ողջունում է Փաշինյանին և ասում է, որ ամեն ինչ նորմալ է, դրանից հետո երևում է Նիկոլ Փաշինյանի հաղորդագրությունը՝ «Ո՞ւր եք։ Անպատասխանատու բան ստացվեց»։
Դրան հաջորդում է Փաշինյանի մեկ այլ հաղորդագրությունները` «Լուրջ խոսակցություն պիտի ունենանք։ Պիտի բացատրություն տաք հանրային։ Ինչ է տեղի ունեցել»։
Նշենք, որ ՀՀ վարչապետն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանն իրեն զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ է։ Մինչդեռ իր զեկուցման պահին ՀՀ սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքեր ներխուժած են եղել Հայաստանի Հանրապետության տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել։
Փաշինյանն ընդգծել է, որ Արշակ Կարապետյանը, լինելով պաշտպանության նախարար, երկու տարբերակ ուներ. կա՛մ դրա մասին չի իմացել, կա՛մ, տեղյակ լինելով, իրենչի զեկուցել։
Փաշինյանի խոսքով` նման իրավիճակներում ինքը որևէ մեկին կես ժամ չեմ հանդուրժի պաշտոնում:
Այսօր ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ 2021 թ. նոյեմբերի 14–ին եղել է Դուբայում, որտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում։ Ըստ նրա` սահմանային իրավիճակի մասին վարչապետին պետք է զեկուցեր այն անձը, որն այդ օրը մնացել էր ՀՀ–ում պաշտպանության նախարարի տեղը` որպես այդ օրը նախարարի գործառույթներ կատարող անձ։