Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծա-նախահաշվարկային մրցույթն ավարտվել է

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը. Արխիվային լուսանկար
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշեց, որ ցանկանում են այս տարի սկսել կայարանի կառուցումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ավարտվել է մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի փորձաքննության ձեռքբերման մրցույթը, ինչի արդյունքում կնքվել է պայմանագիր: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի կառուցապատման և ներդրումային գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրենը։
«Այս պահին ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք։ Ավարտման փուլում է ազդեցության գոտում գտնվող հողերի գերակա շահի մասին որոշման փաստաթղթերի պատրաստումը»,–ասաց նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշեց, որ ցանկանում են այս տարի սկսել կայարանի կառուցումը, ինչը պահանջում է ջանք, որպեսզի գործընկերները տեղեկացված լինեն նախագծից և համալիր փորձաքննության փուլը ևս հնարավոր սեղմ ժամկետներում անցնեն:
Հիշեցնենք, որ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 100 մլն դրամ։
Կայարանը տեղակայված է լինելու «Թումո» կենտրոնի մայթին` Հալաբյան– Աբելյան փողոցների խաչմերուկում։ Շինարարությունն իրականացվելու է բաց տարածքում, փորվածքն արվելու է վերևից, ինչը նկատելի նվազեցնելու է շինարարության ոչ միայն բարդությունը, այլև ֆինանսական արժեքը։