Վարդենուտ գյուղի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր ճանապարհը

Բնակիչները չեն ուզում իրենց հողերը վաճառել կառավարության առաջարկած գնով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր ճանապարհը։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Նշում է, որ մոտ 300 բնակիչ բողոքում են, որ «ՌԻԴ» ընկերությունը փորձում է գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, վճարելով ընդամենը 300 դրամ 1քմ մետրի համար։
Իր հերթին «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ բնակիչների 110 հա տարածքը պետությունը ճանաչել է հանրային գերական շահ և որոշել է փոխանցել վերոհիշյալ ընկերությանը՝ զբոսաշրջության զարգացման համար:
Վարդենուտի բնակիչները ասել են, որ նամակով դիմել են վարչապետին, էկոնոմիկայի նախարարին, բայց պատասխան չեն ստացել։
Վարդենուտցիները նշել են նաև, որ «ՌԻԴ» ընկերությունը դատի է տվել իրենց, ու այս պահին գործը գտնվում է դատարանում։
Բնակիչների տեղեկություններով՝ ընկերությունը մտադիր է այդ վայրում ճոպանուղի, լեռնադահուկային համալիր, էկոգյուղ և ջրամբար կառուցել։